Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Միջազգային կառույցների ներկայացուցիչները հրաժարվել են գալ ԱԺ՝ անվտանգության նկատառումներից ելնելով (տեսանյութ)

«Անհայտ կորած անձանց մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Ազգային ժողովում այսօրվա քննարկմանը միջազգային կառույցների ներկայացուցիչները հրաժարվել էին ներկայանալ՝ անվտանգության նկատառումներով, այդ մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը․

«Պետք է նշենք, որ, ամեն դեպքում, Ազգային ժողովն իր բնականոն գործունեությունը շարունակում է, մենք աշխատում ենք նորմալ աշխատանքային ռեժիմով։ Այսօրվա քննարկմանը հրավերներ ենք ուղղել քննչական մարմիններին, ԱԱԾ-ին, գործադիր մարմինների ներկայացուցիչներին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՄԻՊ-ի գրասենյակներին», - ասաց նա։

Նա նշեց, որ պատերազմից հետո ստեղծված իրավիճակով պայմանավորված է անհրաժեշտություն առաջացել փոփոխել պետական քաղաքականությունը և մոտեցումները, բայց կարիք  եղել է  դեռ մի քանի տարի առաջ արդեն։

«2007-2008 թթ. փորձ է կատարվել օրենքը դնել շրջանառության մեջ, բայց խոչընդոտներ են ծագել, որոշ գերատեսչություններ անգամ 2011թ. այն համարել են ժամանակավրեպ կամ հիմնավորել են, որ օրենքի կարգավորման առարկայի հետ կապված խնդիրներ կային: Այժմ պետք է հստակեցվի անհայտ կորած անձանց իրավական կարգավիճակը»,- ասաց Նազելի Բաղդասարյանը:

Քանի որ օրինագիծը դեռ սաղմնային փուլում է, նրա խոսքով, նպատակ ունեն լրամշակումներ անելու։ Նախագիծը դեռ շրջանառության մեջ դրված չէ և բոլոր այն շահագրգիռ անձինք, որ կցանկանան որևէ օգուտ տալ, իրենց առաջարկություններով հանդես գալ, իրենք,  ըստ նրա,  իրապես բաց են ընդունելու։