Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

«Շարունակում ենք մեր սուրբ գործը»․ ԵԿՄ անդամները հարգանքի տուրք են մատուցել Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս, Արցախի հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 62 տարեկան:

ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձի առթիվ ՀՀ ԵԿՄ վարչության եւ միության անդամները ծաղիկներ խոնարհեցին ԵԿՄ վարչության շենքում տեղադրված Սպարապետի կիսանդրու առջեւ:

ՀՀ ՊՆ Վաղարշակ Հարությունյանը, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ԵԿՄ վարչության անդամները, երկրապահները, Սպարապետի մարտական ընկերները, պետական եւ քաղաքական գործիչներ, ԵԿՄ Պատանի եւ Երիտասարդ երկրապահ ակումբների սաները այցելեցին «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Ծաղիկներ խոնարհեցին, շնորհավորեցին Սպարապետի ծննդյան տարեդարձը:

Վազգեն Սարգսյանն իր ապրած կյանքով ոչ միայն փառավորված է ժամանակի մեջ, այլեւ իր անկրկնելի դրոշմն է թողել նույն այդ ժամանակի վրա: Անուրանալի է Հայոց բանակաշինության գործում նրա ներդրած ավանդը, սերունդներին ժառանգած պատգամը:

Ուղերձ.

«Այսօր հաղթանակ կերտած Սպարապետի, ԵԿՄ հավերժ նախագահ Վազգեն Սարգսյանի ծննդյան տարեդարձն է: Հետպատերազմական այս բարդ իրավիճակում առավել է արժեւորվում Սպարապետի ծնունդն ու սերունդներին ժառանգած պատգամը: Մենք պարտք ունենք քո առջեւ՝ Սպարապե´տ, մեք պարտք ունենք մեր հերոս նահատակների առաջ։ Մեր երկիրը վիրավոր է. վիրավոր է, բայց վստահաբար ենք ասում, որ այդ վերքերը բուժելի են, քանի որ մեր հավաքական կամքն ու սերը հայրենիքի նկատմամբ ավելի ամուր է, ավելի զորեղ: Մենք` երկրապահներս, Սպարապետի պատգամին հավատարիմ, այս օրերին էլ շարունակում ենք մեր սուրբ գործը, մենք ամուր կանգնած ենք սահմանին: Սիրելի՛ հայրենակիցներ Պատերազմի պատճառած ցավալի հետեւանքներն ու փորձությունները հաղթահարելու, մեր հայրենիքը, պետականությունը ամուր պահելու, մեր պետության համար նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ կերտելու նպատակով պետք է շարունակենք ապրել ու արարել մեր երկրում: Պետք է ամեն վայրկյան մտածենք նահատակված հերոսների արյամբ սրբացած մեր հայրենիքի շենացման ու կայունացման մասին, պետք է ՀԶՈՐԱՆԱՆՔ մեր համախմբան միջոցով. մենք այլեւս սխալվելու իրավունք չունենք, մենք «փառքեր ունենք թաղված հողի տակ, մենք հույսեր ունենք պահված մեր երկրում»։

Խոնարհվում ենք որդեկորույս մայրերի առջեւ: Ցավը բոլորիս սրտերում է: Փա՛ռք մեր պետությանը, Փա՛ռք աշխարհասփյուռ հայությանը: Փա՛ռք ՔԵԶ Սպարապետ Օրհնվի Ծնունդդ՝ խաղաղություն լինի մեր երկրում: «Ոչ մի ծրագիր, որքան էլ այն փայլուն լինի, չի կարող իրականություն դառնալ, եթե չկա հավատք, նպատակին հասնելու համախմբվածություն, եթե մեզանից յուրաքանչյուրը չի մտածում, որ այս երկրի ճակատագիրը կախված է մի մարդուց, եւ այդ մարդն ինքն է...»,-Վազգեն Սարգսյան ՀՀ ԵԿՄ վարչություն» Երկրապահները հարգանքի տուրք մատուցեցին Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին: Մի համեմատվեք ոչ մի ազգի հետ՝ Ձեզ նմանը չկա: Մի՛ մոռացեք՝ դուք հայ եք,-ասում էր Սպարապետը: Փա՛ռք Հայաստանի Հանրապետությանը, Փա՛ռք Արցախ աշխարհին: