Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Տնտեսություն

Մետրոյի նոր կայարան հաստատ կլինի․ Գևորգ Ավետիսյան (տեսանյութ)

Հստակ է Մետրոպոլիտենի նոր  կայարանը լինելու է Աջափնյակ թաղամասում։ Մետրոպոլիտենի տնօրենի ժամականավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանն ասում է՝  այս պահի դրությամբ, հանձնաժողովային կազմով աշխատանքներ են տարվում, սակայն փակագծերը բացել և ժամկետներ նշել չի կարող։

 2010 թվականին Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման զարգացման բանկի միջև կնքված պայմանագրով սկիզբ էր դրվել մետրոպոլիտենի վերակառուցման ծրագրերին․

«Դրանք բաղկացած էին մի քանի փուլերից։ Առաջին փուլն արդեն իսկ ավարտվել է, երկրորդ փուլի աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են։ Առաջին փուլի աշխատանքների ընթացքում արդիականացվել են շարժակազմեր, ստեղծվել է գնացքների լվացման կենտրոն, ինչպես նաև մեքենավարների ուսուցման կենտրոն։ Երկրորդ փուլում աշխատանքները վերաբերում են ստորգետնյա ջրերի հեռացմանը», - ասաց Գևորգ Ավետիսյանը։

Մարտի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը կնշի 40-ամյակը։

Մետրոպոլիտենի վագոնային պարկը բաղկացած է 45 վագոններից։ Այս պահին գլխավոր գծերում աշխատում են 11 շարժակազմեր՝ 2 և 3 վագոնանոց։ Այն սարքավորումներն ու համակարգերն էլ, որոնք իրենց սպառել են ժամանակային և ֆիզիկական առումով, պետք է փոխարինվեն նորերով։

«Շատ դեպքերում սարքավորումները արտադրությունից դուրս են եկել և սպասարկող անձնակազմի համար առաջացնում են մեծ խնդիրներ։ Այնուհանդերձ, յուրաքանչյուր շարժակազմ՝ գիծ դուրս գալուց առաջ, մասնագետների կողմից տեխնիկական զննում է անցնում»,-նշեց Գևորգ Ավետիսյանը․

Սերնդափոխության հարցը ևս լուրջ խնդիր է, ասում է նա։ Այս պահին հանրապետությունում չկան ուսումնական հաստատություններ, որտեղ կարելի է մետրոյի մասնագիտությունները սովորել․ հույսը բանիմաց և երկարամյա աշխատակիցներն են, որ երիտասարդներին փոխանցում են իրենց գիտելիքներն ու փորձը։

«Այնուամենայնիվ, հաշվի առնելով աշխատավարձի չափը և վերջին տարիների վիճակագրությունը՝ հետաքրքրությունը երիտասարդների կողմից մեծացել է», - ասաց նա։

Կորոնավիրուսի ընթացքում Մետրոպոլիտենը պատմության մեջ առաջին անգամ դադարեցրել էր աշխատանքները՝ ապրիլի 1-ից մինչև մայիսի 17-ը։

«2019 թվականին տեղափոխել ենք գրեթե 21 մլն ուղևոր, 2020-ին՝ 11 մլն։ Մոտ 50 %-ով թիվը նվազել է։ Այսօրվա դրությամբ օրական տեղափոխում ենք 50-55 հազար ուղևոր»,-ասաց նա։

40-ամյակին նվիրված մեծ միջոցառումներ չեն լինի՝ համավարակով պայմանավորված, նշեց նա։ Բայց ուղևորներին չհիշեցնել էլ չեն կարող։ Մետրոպոլիտենում հաճախ են իրականացվում մշակութային ցուցադրություններ, շնորհանդեսներ, և այս պարագայում էլ «Երիտասարդական» և «Հրապարակ» կայարաններում կլինեն ցուցահանդեսներ՝ նվիրված Մետրոպոլիտենի 40-ամյակին։

Այն աշխատակիցները, որ ունեն աշխատանքային երկարամյա փորձ, կարժանանան ուշադրության ղեկավարության կողմից՝ շնորհակալագրերի, պատվոգրերի և մեդալների տեսքով։

Ի դեպ, ամեն օրվա ավարտին, տնօրենի ժ/պ-ի խոսքով, ախտահանվում են  գնացքները։