Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պատգամավորներն իրենց քայլով ցույց տվեցին, որ դատական համակարգը լավ է աշխատում․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

Երեք օր խորհրդարանը կորցրեց Վճռաբեկ դատարանի դատավորների ընտրության վրա, Օրենսդիր իշխանությունը հանրային ամբողջ ուշադրությունը սևեռեց մի թեմայի վրա, և վերջում Վճռաբեկ դատարանի որևէ դատավոր չընտրվեց ուղղակի բոյկոտի պատճառով, սա աբսուրդ է, վատնված ռեսուրս, վատնված շանսեր։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցներին ժամին հայտարարեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը․

«Ռուբեն Վարդազարյանը երբեք էլ իմ հերոսը չի եղել, բայց դուրս է գալիս, որ իրենք երբ ուզում էին, որ նա լինի ԲԴԽ նախագահ, երևի մտածում էին,որ այդ մարդը պետք է կատարի իրենց հրահանգները և երևի բողոքի ձայն էին բարձրացնում, որ այդ մարդը իրենց հրահանգները չի կատարում»։

Մարուքյանի խոսքով՝ իշխանական պատգամավորները ուղերձ տվեցին միջազգային հանրությանը, որ դատական համակարգը լավ է աշխատում։

Ինչ վերաբերում է նախկին իշխանությունների հետ հնարավոր կապերին, Մարուքյանն ասում է՝ այս երկիրը դարձել է օդում խոսակցությունների երկիր․

«Եթե կա փաստ, թող գնան, բռնեն, հո ասելով չի, եթե փաստ չկա, հեքիաթն ո՞ւմ է պետք»։

Ինչ վերաբերում է ԲԴԽ նախագահի՝ նոյեմբերի 15-ի հայտարարությանը, Մարուքյանն ասում է՝ Վադազարյանը հղում է կատարել «վնգստացող դատավորների» վերաբերյալ վարչապետի հայտարարությանը, ինչը այն ժամանակ իշխանական պատգամավորները չեն դատապարտել․

«Իրենց արած հայտարարությունը ԲԴԽ նախագահը շրջել է իրենց դեմ, եթե իրենց ղեկավարն է արել դա նորմալ է, եթե ԲԴԽ նախագահն է այլ նյուանսով արել, դա դատապարտելի՞ է։ Ինչ ցանում ես, այն էլ հնձում ես»։

Մարուքյանը նաև հայտարարեց՝ ԼՀԿ-ն շարունակելու է փնտրել լուծումներ երկիրը ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, ըստ Մարուքյանի՝ միակ ճանապարհը իրավիճակից դուրս գալու արտահերթ ընտրություններն են։