Կժամանեն Մակեդոնիայի բրազիլացիները
Աջակցիր «Ա1+»-ինԱշտարակի «Միկան» Եվրոպայի լիգայի որակավորման 2-րդ փուլում կհանդիպի մակեդոնական «Ռաբոտնիչկիի» հետ: Վերջինս որոկավորման 1-ին փուլում 11:0 ընդհանուր հաշվով (առաջին խաղը` 5:0, երկրորդը` 6:0) պարտության մատնեց Անդորայի «Լուսիտանոսին»:
Թիմերի առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 15-ին, «Միկա» մարզադաշտում, ժամը 18:00-ին: Պատասխան խաղը կկայանա հուլիսի 22-ին, Սկոպիեյում:
Ի դեպ, «Ռաբոտնիչկին» Մակեդոնիայի միակ թիմն է, որ ընդգրկված է ֆուտբոլի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիայի դասակարգման աշխարհի 350 ուժեղագույն ակումբների մեջ: «Միկայի» մրցակիցն այդ ցուցակում ներկայումս զբաղեցնում է 289-րդ տեղը:
Հավելենք, որ «Ռաբոտնիչկին» Մակեդոնիայի առաջնությանը մասնակցող թիմերից միակն է, որի կազմում հայտավորված է հայազգի ֆուտբոլիստ: Դա 17-ամյա դարպասապահ Տիգրան Կանդիկյանն է: Տեղի լրատվամիջոցները «Ռաբոտնիչկիին» ներկայումս անվանում են «Կարիոկա» (այդպես կոչվում է ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականը), քանի որ թիմի կազմում հանդես են գալիս 6 բրազիլացի ֆուտբոլիստներ: