Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Պարոն Սիմոնյան, Ձեզ ոչ մի բանի տակից դուրս գալու կարիք չի լինի․ Ավինյան (տեսանյութ)

ԱԺ-կառավարություն  հարց ու պատասխանի ժամանակ ԼՀԿ  պատգամավոր Տարոն Սիմոնյանը հարց ուղղեց  որոշ ժամանակ առաջ համացանցում հրապարակված եռակողմ փաստաթղթի վերաբերյալ,  որը վերաբերում էր ՀՀ սահմանային հարցերին, սահմանանշումներին, ներառում էր Արցախի Հանրապետության տարածքների հետ կապված հարաբերություններ, զորքերի տեղաշարժ․ 

«Ես խոսում եմ այն փաստաթղթի մասին, որտեղ Կապան քաղաքը նաև թուրքերեն Կաֆան էր գրված։ Հիմա այդ փաստաթղթի ներքևում չկար ստորագրություն, և բոլորն սկսեցին  մտածել, որ սա կամ կեղծ փաստաթուղթ է, կամ փաստաթուղթ է, որը կառավարությունը ստորագրել է և չի հրապարակել՝ խուսափելու համար հետևանքներից, նաև քրեաիրավական հետևանքներ են ենթադրվում։ Ուզում եմ հասկանալ՝ ստորագրվե՞լ է նման փաստաթուղթ, ո՞վ է կառավարությունից ստորագրել այդ փաստաթուղթը, և այդ փաստաթուղթը ստորագրվել է որպես ձեր կամքի արտահայտությո՞ւն, թե՞ էլի սպառնալիքի ներքո կնքված փաստաթուղթ է»։

Սիմոնյանի հարցին արձագանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը․

«Դեռևս 2020 թվականի դեկտեմբերի 19-ին Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ «համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում երթևեկության անխափանության նկատառումներով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր։ Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ երկայնությամբ հատվածի անվտանգությունը, որը անցնում է վիճարկելի տարածքով, կապահովվի ռուս սահմանապահների միջոցով։ Շփման գծի մի կողմում կտեղակայվեն ՀՀ սահմանապահ զորքեր՝ Հայաստանի կողմից, Ադրբեջանի սահմանապահ զորքեր՝ Ադրբեջանի կողմից»։ Եվ ի պատասխան բոլոր այս հարցադրումների՝ մենք անընդհատ կրկնում ենք, որ այս պայմանավորվածությունը եղել է դեռևս 2020 թվականի դեկտեմբերին, ռուսական կողմն է  համապատասխանաբար ադրբեջանական կողմի  հետ համաձայնեցրել։ Ես ուզում եմ հասկանալ՝ անընդհատ այս թեման քննարկելով՝ ի՞նչ նոր բան ենք հայտնաբերելու, ավել բացահայտելու որևէ բան չկա»,- ասաց Ավինյանը։

Տարոն Սիմոնյանը կրկնեց իր հարցը՝ ստորագրվե՞լ է փաստաթուղթ, ո՞վ է ստորագրել այն, արդյո՞ք դա սպառնալիքի ներքո է ստորագրվել, որովհետև այս փաստաթուղթը կիրառման կարելի էր դնել բացառապես ԱԺ-ի ողմից վավարեացվելուց հետո․

 «Եթե դա չի արվել, և դուք՝ որպես կառավարություն, ինքնուրույն եք այդ ամենը կազմակերպել ու կիրառել, դա նշանակում է՝ Քրեական օրենսգրքով սահմանված իշխանության յուրացում եք իրականացրել։ Այդ փաստաթուղթը ստորագրած անձին կամ հետագայում պետք է դատապարտել որպես հանցագործ, կամ նրան պետք է որպես ոչ գործունակ անձ հեռացնել, որպեսզի մենք ձեր ստորագրած փաստաթղթի տակից իրավաբանորեն կարողանանք դուրս գալ»,- ասաց Տարոն Սիմոնյանը։

Տիգրան Ավինյանը վստահեցրեց, թե որևէ բանի տալիս դուրս գալու կարիք չի լինի․

 «Ես Ձեզ վստահեցնում եմ, Ձեզ որևէ բանի տակից պետք չի լինելու դուրս գալ՝ ոչ իրավաբանորեն, ոչ էլ այլ կերպ։ Ուզում եմ վստահեցնել, որ որևէ իրավական խնդիր տվյալ հարցի հետ կապված չկա ու չի լինելու»։