Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Այդ օրենսդրությունը երեկ եք իմացե՞լ․ Պատգամավորը՝ Վարդազարյանին (տեսանյութ)

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը վստահեցնում է, որ ավելի վաղ դատավորներին ուղղված իր հայտարարությունը պարզապես եղել է զսպվածության և սթափության կոչ։

«Եվ ես կոչ եմ արել իմ բոլոր գործընկերներին՝ զերծ մնալ որևէ քաղաքական կամ քաղաքական դրդապատճառով որոշում կայացնելուց, թե իշխանությանը, թե ընդդիմությանը, թե անկախ, թե քաղհասարակությանը չհետևել, ղեկավարվել բացառապես օրենքով և իրավունքի գերակայության սկզբունքով: Սա էր իմ կոչի բուն էությունը, բուն իմաստը»,-ասաց նա  ԱԺ-ում։

Խորհրդարանում այսօր շարունակվում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը:

Դատավորի թեկնածու Սամվել Գրիգորյանի ինքնաբացարկի հանգամանքները ներկայացնելուց հետո ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը երեկվանից պատասխանում  է պատգամավորների հարցերին:

Հարց ու պատասխանը շարունակվել է նաև այսօր, չնայած այն հանգամանքին, որ Վարդազարյանն այսօր այդ հարցերին չպատասխանելու որոշմամբ էր եկել ԱԺ:

«Իմ քայլը»-ի պատգամավոր Ծովինար Վարդանյանն այսօր արձագանքեց  Ռուբեն Վարդազարյանի  հայտարարությանը, որ նա ունի զսպվածության սահման։ Նա հարցրեց՝ թե հայտարարությունն անելիս, ինչպե՞ս է գործել այդ զսպվածության սահմանը և արդյոք այդ օրենսդրությունը երեկ երեկոյան է նա իմացել և նոր ծանոթացած եկել ԱԺ։

Ռուբեն Վարդազարյանը շեշտեց, որ  երեկ ևս մեկ անգամ  ընթերցել է  իր կոչը․ « Նորից գտնում եմ, որ որևէ կանոն իմ կողմից խախտված չէ, և հետևաբար այլևս ասելիք չունեմ այս հարցի վերաբերյալ»,- ի պատասխան Ծովինար Վարդանյանի հարցադրամն ասաց նա։

Ծովինար Վարդանյանը հիշեցրեց՝ Վարդազարյանը ասել է, որ իր հայտարարության առնչությամբ թյուրըմբռնում է եղել և հարցրեց, թե արդյոք Վարդազարյանը կարո՞ղ է անել նույն հայտարարություն, նույն բովանդակությամբ հայտարարությունը, բայց այնպիսի պարզ տեքստով, որպեսզի բոլորի համար հասկանալի լինի, թե ինքն ինչ է ի նկատի ունեցել այդ

Վարդազարյանը կրկնեց նույնը։

Մանրամասները՝ տեսանյութում