Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Պատերազմը չկարողացավ խլել գույները

Պատերազմը, հեքիաթներն ու մուլտհերոսները կողք կողքի են իննամյա Րաֆֆի Մաթևոսյանի նկարների և քանդակների ցուցահանդեսում, որ բացվեց Ջոտտոյի արվեստանոց-թանգարանում: 

«Հայրենի ելևէջներ» խորագրով ցուցահանդեսը, որում փոքրիկ Րաֆֆիի շուրջ 5 տարվա աշխատանքներն են, նվիրված է արցախյան վերջին պատերազմի զոհերի հիշատակին: Նրանցից մեկը Րաֆֆիի հայրն էր` լեյտենանտ Աշոտ Մաթևոսյանը, որ պատերազմի առաջին օրերից ռազմաճակատում է եղել և մեկ ամիս մարտնչել է ամենաթեժ կետերում` զոհվելով հոկտեմբերի 28-ին: 
 
Պատերազմի մասին Րաֆֆին մեկ նկար ունի` «Կյանք ու կռիվը», որում նկարված զինվորներն էլ ժպտում են, ինչպես իր դեմքից ժպիտը ոչ մի վայրկյան չէր հեռանում: 
Րաֆֆին նկարում և քանդակում է մուլտհերոսներին, բնությունը, կենդանիներին և իր սիրելի «Փոքրիկ իշխանին»: Քանդակել էր նաև Ավետ Տերտերյանին և Ֆրունզիկին:
Ցուցադրված քսանվեց նկարներից ամենաբարդը, խոստովանում է Րաֆֆին, մոր դիմանկարն է եղել։
 
«Սկզբից, որ մատիտով նկարում էի, հեշտ էր, հետո, երբ սկսեցի գունավորել, բարդացավ: Նկարում էի իր լուսանկարին նայելով»,- ասում է նա:
 
Րաֆֆիի մայրը` Շուշանիկ Ալոյանն ասում է` փոքրուց անընդհատ հողերի հետ էր խաղում, ինքն էլ նուրբ էր, բայց միշտ ցեխերի մեջ էր: Այդպես սկսվել է սերը դեպի կավը և նկատելով որդու հակումը` նրան նկարչական դպրոց են տարել.
 
«Հենց առաջին դասերից էլ ուսուցիչները զարմացել էին Րաֆֆիի տաղանդի վրա: 7 տարեկանում իր առաջին անհատական ցուցադրությունն էր կազմակերպվել: Մենք նրան չենք ուղղորդում` ինչ նկարել, նա ինքն է գտնում նորը, գեղեցիկը», - ասում է մայրը:
 
Քանդակագործ Վիգեն Ավետիսը` նայելով Րաֆֆիի նկարներին և քանդակներին, նկատում է, որ նա ավելի լավ նկարում է բնությունը, ազատ արտահայտում իր մտքերն ու պատկերացումները, քան նախապես դասավորած նատյուրմորտները։ Ժպիտով նշում է` ավելի լավ է նա դեռ նկարչական դպրոց չհաճախի և փորձի ինքնուրույն ստեղծագործել.
 
«Քանդակներն էլ շատ լավն են, ավելի ազատ են արված և շատ զգայական են», - ասաց Վիգեն Ավետիսը:
 
Ցուցադրությունը բաց է լինելու մինչև մարտի 10-ը: