Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արա Ղարագյոզյան
A A
Հասարակություն

  Զինծառայողի խոշտանգման գործով գլխավոր դատախազը անգործություն է դրսեւորում․ փաստաբան

Դեռեւս 6 տարի առաջ բանակում խոշտանգման եւ դաժան վերաբերմունքի արժանացած Արթուր Հակոբյանի գործը  դեռեւս  դատական վարույթներում է։

  Նախորդ տարվա օգոստոսի 19-ին Սյունիքի մարզի  ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանը  պարտավորեցրել էր  վարույթն իրականացնող մարմնին Ստամբուլյան արձանագրության հիմքով նշանակել դատահոգեբանական փորձաքննություն, որտեղ պետք է ներգրավված լինի բժիշկ, հոգեբան եւ հոգեբույժ։ Մինչ այդ  փորձաքննություններին մասնակցել է միայն հոգեբանը եւ չի կարողացել խոշտագման վերաբերյալ գնահատական տալ։

   Ըստ տուժողի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանի՝  դատարանի որոշումից անցել է մոտ 5 ամիս, դատախազությունը բողոք  չի ներկայացրել,  իսկ  ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժինը անգործություն է ցուցաբերում և հրաժարվում է  Արթուր Հակոբյանի  գործով իրականացնել դատարանի պահանջը, այսինքն՝  Ստամբուլյան արձանագրության հիման վրա իրականացնելու փորձաքննություն։

     Բացի դրանից՝  06.07.2019 թ  Արա Ղարագյոզյանը բողոք  է ներկայացրել  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան   ՀՀ քննչական կոմիտեի քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնի պետի տեղակալ Ա․Սարգսյանի կողմից  քրեական գործի վարույթը կարճելու և 29.05.2019 թ  ՀՀ զինվորական դատախազի տեղակալի կողմից բողոքը մերժելու   որոշումների դեմ։

 2019 թ հոկտեմբերի 15-ին դատարանը որոշում է  կայացրել   տուժողի ներկայացուցչի  բողոք բավարարելու՝ պարտավորեցնելով   վարույթն իրականացնող մարմնին  վերացնելու Արթուր  Հակոբյանի իրավունքների և ազատությունների խախտման փաստը։ Վերաքննիչ դատարանն էլ մերժել է զինվորական դատախազության բողոքը։

  Ըստ փաստաբանի՝ վերաքննիչ դատարանի որոշումից հետո  նույն քննչական բաժինը  հրաժարվում է  քրեական գործը վերաբացել, մինչ օրս  սույն քննչական բաժնից քրեական գործը վերսկսելու մասին որոշում չի ստացել։

  Նախորդ տարվա դեկտեմբերի 25-ին Արա Ղարագյոզյանը բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝  ընդդեմ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական  բաժնի պետի անգործության դեմ։

«Բողոքում նշել եմ, որ քննչական բաժի պետը  դրսևորում է անգործություն, հրաժարվում է  օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարումից, կարճման որոշումը  չի վերացվել և Ստամբուլյան արձանագրության հիման փորձաքննություն մինչև օրս նշանակված չէ։Նաև երկրորդ պահանջով   գլխավոր դատախազից  պահանջել եմ  օգտվելով իր բացառիկ լիազորությունից  կայազորային քննչական բաժին պետի  վարույթից  վերցնել քրեական գործը և այն փոխանցել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝  խոշտանգման փաստի առիթով լրիվ,  բազմակողմանի և օբյեկտիվ քննություն իրականացնելու համար»,- ասում է Արա Ղարագյոզյանը։

ՀՀ գլխավոր դատախազին  ներկայացված բողոքից  հետո անցել է  երկու  ամիս ավել, սակայն  որևէ պատասխան չի  ստացել։

«Գտնում եմ,  որ  ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դրսևորում է   անգործություն՝  փաստացի  հրաժարվելով  իրականացնել իր բացառիկ լիազորությունները, որի արդյունքում  խախտվել է Արթուր Հակոբյանի խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը՝ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի պահանջները»,-ավելացնում է փաստաբանը։

 Արա Ղարագյոզյանը հիշեցնում է՝ այս գործով քննչական բաժինը  եւ  զինվորական դատախազությունը  զբաղված են միայն  տուժողի իրավունքները խախտելով, իսկ խոշտանգման դեպքով չի իրականացնում արդյունավետ քննություն, որի վառ օրինակը երկու դատական ակտերի չկատարելն է․

«Այս ամենը մեզ հիմք է տալիս ենթադրելու, որ  կրկին անգամ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական  բաժինը կոծկելու է սույն քրեական գործը։ Եվ ամենացավալին այն է, որ  ՀՀ գլխավոր դատախազը  հանցավորության դեմ պայքար տանելու, զինվորին բանակում խոշտանգման դեպքով  արդյունավետ քննության իրականացնելու փոխարեն, անգործության է մատնված և իրեն չի հետաքրքրում,  որ ամիսներ շարունակ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի  բացառիկ և կարևոր որոշումը  չի կատարվում, նաև չի կատարվում  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ քննիչ որոշումը  վերացնելու մասին դատարանի որոշումը»։

 Փաստաբանը այս փաստերի հիման վրա դիմել է դատարան եւ պահանջում է վերացնել դատախազի անգործությունը եւ ճանաչել Արթուր Հակոբյանի իրավունքների եւ ազատությունների խախտման փաստը։