Վարչապետը կապ է հաստատել ինձ հետ և առաջարկել հանդիպում՝ քննարկելու արտահերթ ընտրությունների գնալու հետ կապված առաջարկները․ Մարուքյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱռավոտյան ինձ հետ կապ է հաստատել վարչապետը և առաջարկել հանդիպում՝ քննարկելու արտահերթ ընտրությունների գնալու հետ կապված առաջարկները։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողներին հայտնեց ԱԺ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նաև հավելեց, որ համաձայնել է վարչապետի հետ հանդիպման գնալ և քննարկել իրավիճակը․ հանդիպումն, ըստ Մարուքյանի, կկայանա վաղը։
ԼՀԿ ղեկավարը նաև հավելեց, որ Նիկոլ Փաշինյանից պահանջելու է ապացույցներ հրապարակել իր այն հայտարարության վերաբերյալ, թե Օնիկ Գասպարյանը վարչապետի հրաժարականը պահանջել է Սերժ Սարգսյանի դրդմամբ․
«Ես ուզում եմ մարդիկ տեսնեն՝ որքանով է վարչապետի խոսքը իրականություն։ Եթե չապացուցի, նշանակում է՝ երկրի ղեկավարը հրապարակում ժողովրդի առաջ, ուղիղ եթերների առաջ ասում է բան, որը իրականությանը չի համապատասխանում»։
Լրագրողների դիտարկմանը, թե Վատիկանում նախկին դեսպան Միքայել Մինասյանը հայտարարել է, որ Մարուքյանը ապացույց պահանջում է իշխանության հետ պայմանավորվածությունների արդյունքում, Մարուքյանն արձագանքեց․
«Ես զարմանում եմ, որ Միքայել Մինասյանը թելում է Նիկոլ Փաշինյանի թելը, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ Սերժ Սարգսյանի հրամանն է կատարել, Միքայել Միանասյանն էլ այնտեղից ասում է՝ ճիշտա, տենց ձայնագրություն կա, այսինքն՝ օգնում է Նիկոլ Փաշինյանին, որ Օնիկ Գասպարյանին վարկաբեկեն»։
Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին, Մարուքյանն ասաց՝ իրենց նախապայմանը բանակին դադար տալն է, բայց եթե իշխանությունն ասում է՝ գնում ենք արտահերթի առանց նախապայմանների, ապա պետք է իշխանությունը հրաժարվի հուշագրի նախապայմանից․
«Այս երկիրը առանց ընտրությունների չի հանդարտվելու, սակայն մինչև ընտրությունները պետք է լուծվեն գործադիր իշխանություն-բանակ հակադրությունները»։
Մարուքյանը համոզված է՝ արյունահեղություն կլինի, եթե չլինեն արտահերթ ընտրություններ․
«Ամեն օր երկրում բախումների վտանգ կա, հետևաբար՝ մեր ժողովրդի պահանջն է օր առաջ անցկացնել ընտրություններ»։
Մարուքյանն անդրադարձավ նաև կիսանախագահական համակարգին անցում կատարելու վարչապետի առաջարկին, նշեց, որ չի բացառում, որ ճիշտ քայլ կարող է դիտարկվել , բայց եթե հանրաքվեի գնա այս իշխանությունը, ըստ Մարուքյանի, չի բացառվում, որ գաղափարը կտապալվի․
«ՀՀ-ում բոլորս գիտենք, որ բոլոր սահմանադրական հանրաքվեները կեղծվել են, այս պայմաններում ես չեմ տեսնում՝ ոնց ենք իրականացնելու սահմանադրական հանրաքվե»։
Ըստ Մարուքյանի՝ Փաշինյանն ուզում է կախվածությունը կտրել իշխանական պատգամավորներից և ունենալ առաջնային մանդատ, բայց, ըստ Մարուքյանի, կիսանախագահականը վատ գաղափար չէ, որովհետև գործող խորհրդարանական համակարգը սպառել է իրեն։