Կա խնդիր բանակի վերնախավի մեկ-երկու ներկայացուցիչների հետ․Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Այո՛, կազմակերպվել է մարզերից ինչ-որ մարդկանց տեղափոխում, բայց դա անվանել վարչական ռեսուրսի կիրառում կլինի միայն այն պարագայում, երբ ԱԺ-ի կամ ՊՆ-ի, ոստիկանության ավտոբուսն ուղարկենք ՔՊ-ի համակիր բերելու», - ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանn այսպես արձագանքեց երեկվա հանրահավաքը կազմակերպելու համար վարչական ռեսուրս կիրառելու՝ իրենց հասցեին հնչող մեղադրանքներին։
Սիմոնյանի խոսքով՝ ՀՀ-ում իրականացրած բոլոր հարցումները ցույց են տալիս, որ «Քաղաքացիական պայմանագիրը» և Նիկոլ Փաշինյանն ունեն տասնապատիկ ավելի շատ վարկանիշ, քան ընդդիմության բոլոր ուժերը միասին վերցրած։
Ինչ վերաբերում է հանրահավաքի ընթացքում հնչած դըմփ-դըմփ-հու-երին, Սիմոնյանն ասաց՝ սա հավաքական ուժի, միասնականության ցուցադրում էր․
«Կարելի է գնալ և ընդդիմությանը հարցնել՝ էտ ո՞ւմ էիք գնդակահարում, կամ էտ ի՞նչ երգի-պարի միջոցառում էր։ Բաղրամյանում կանգնած որոշ քաղաքական ուժերի պետք է, որ հայ ժողովուրդը խեղճ լինի, վիզը ծուռ լինի, բայց մենք պետք է միասնական լինենք, ուժեղանանք և գնանք առաջ։ Երեկ նաև քաղաքական միջոցառում էր»,-պարզաբանեց Սիմոնյանը։
Իշխանություն-բանակ հակամարտություն գոյություն չունի,-պնդեց Սիմոնյանը և հավելեց, որ ՀՀ ժողովրդի մեծամասնությունը սատարում է Նիկոլ Փաշինյանին, բանակում ևս նույն պատկերն է․
«Կա խնդիր բանակի վերնախավի մեկ-երկու-երեք ներկայացուցիչների հետ»,- ասաց Սիմոնյանը՝ ԳՇ-ի հայտարարությունը որակելով հակաօրինական։
Ալեն Սիմոնյանը չմնեկնաբանեց Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Օնիկ Գասպարյանը հրաժարականի պահանջը ներկայացրել է Սերժ Սարգսյանի դրդմամբ, միայն ասաց՝ չկա Նիկոլ Փաշինյանի մի հայտարարություն, որը գոնե մեկ-երկու փաստ չի ունենում։
Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններին՝ Ալեն Սիմոնյանը չբացառեց, որ արտահերթ ընտրությունների հարցով զրույց կլինի իշխանության և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի միջև․
«Ես չեմ բացառում, որ այսօր և վաղը նման զրույց կարող է տեղի ունենալ: Կարող է հանդիպում լինել, կարող է՝ այլ ձևաչափ լինել, բայց չեմ բացառում և սպասում եմ դրան»,- ասաց Սիմոնյանը:
Ինչ վերաբերում է ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, թե չեն պատրաստվում գնալ արտահերթ ընտրությունների Նիկոլ Փաշինյանի վարչապետության պարագայում, Սիմոնյանն ասաց՝ վստահ չէ , որ այս փուլում նա լիովին ներկայացնում է ԲՀԿ-ն․
«Բոլորդ շատ լավ գիտեք, որ ԲՀԿ-ում ասում է մեկ մարդ»։