Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վարչական ռեսուրսի նմանատիպ կիրառում Հայաստանի անկախության պատմության մեջ չի եղել․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում պնդեց՝ իշխանությունը երեկվա հանրահավաքին կիրառել է աննախադեպ վարչական ռեսուրս․

«Մարզպետարաններից, թաղապետարաններից, գյուղապետարաններից, հիվանդանոցներից, դպրոցներից, ընդհուպ հոգեբուժարաններից մարդկանց  բերման են ենթարկել՝ ի սատարում Նիկոլ Փաշինյանի երեկ կայացած փարթիի»,- հայտարարեց Զոհրաբյանը։

Զոհրաբյանն ասում է՝ վարչական ռեսուրսի նմանատիպ կիրառում Հայաստանի անկախության պատմության մեջ չի եղել․

«Այն, ինչի դեմ պայքարում էր Նիկոլ Փաշինյանը, հիմա անում է հարյուրապատիկ ավելի նողկալի ձևով։ Երեկ փարթի էր, այլ ձևակերպում չկա: Այդ դըմփ-դըմփ-հուն և գոռում-գոչյունները շոու էր, փարթի, որևէ այլ գնահատական չեմ կարող տալ։ Այն, ինչ երեկ տեղի ունեցավ, ես համարում եմ անարգում Արցախի հասցեին, ես համարում եմ անարգում զոհված մեր 5000 և ավելի պայծառ տղաների հասցեին, մեր գերեվարված տղաների հասցեին։ Երեկ մենք ականտեսն էինք Ալիևի հաղթական պառադի հայաստանյան գրասենյակի շարունակությանը»։

Զոհրաբյանը պնդեց՝ ստացել է բազմաթիվ զանգեր, նամակներ, որտեղ մարդիկ ասել են, թե իրենց ստիպում են գնալ և մասնակցել Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին։

Զոհրաբյանն անդրադարձավ նաև հանրաքվե անցկացնելու Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, նշեց՝ նույն Նիկոլ Փաշինյանը, ով կիսանախագահական համակարգը համարում էր ձախողված, այսօր տարբեր եղանակներով փորձում է պահել իր իշխանությունը․

«Նիկոլ Փաշինյանն ի զորու չէ անցկացնել ոչ անկախ և ազատ հանարքվե, ոչ անկախ և ազատ ընտրություն, նա պետք է հեռանա, որպեսզի Հայաստանը կարողանա անցկացնել անկախ և ազատ ընտրություն»։

Զոհրաբյանի համոզմամբ՝ Փաշինյանն Արցախը հանձնեց թուրքերին, հիմա փորձում է շրջանը փակել, փորձում է տրանսֆորմացնել Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշումները և ուզում է Ռուսաստանը դուրս մղել Հայաստանի գեոպոլիտիկ տիրույթից․

«Իրեն իշխանության բերած արտաքին ուժերի հրահանգով նա փորձում է Հայաստանը «հրել» դեպի Արևմուտք: Մեր տարածաշրջանում Արևմուտքի ներկայությունը նշանակում է Թուրքիայի անմիջական ներկայություն», - ասաց ԲՀԿ պատգամավորը: