Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 29-ը փետրվարի․ Քոչարյանը տալիս է «Մարտի 1-ի» հրահանգը (տեսանյութ)

«Ղարաբաղը կարող է պաշտպանել նախագահի երկու թեկնածու»,-1998-ի փետրվարի 28-ին հայտարարում է հրապարակախոս Տիգրան Հայրապետյանը: Այդ երկուսը Աշոտ Բլեյանն ու Կարեն Դեմիրճյանինն են: Առաջինը, որովհետեւ մենք նրա հետ ենք, երկրորդը, որովհետեւ մենք նրա հետ չենք: Տիգրան Հայրապետյանի կարծիքով, ամեն մարդ չէ, որ պետք է զբաղվի Ղարաբաղով:

2000-ի փետրվարի 29-ին խորհրդարանում քննարկում են էներգետիկ բաշխիչ ցանցերի սեփականաշնորհումը: Էներգետիկայի նախարար Դավիթ Զադոյանը վստահեցնում է՝ գործարքը լինելու է բաց եւ թափանցիկ: Դավիթ Զադոյանը հիշեցնում է, որ Համաշխարհային Բանկը պահանջում էր դեռ նախորդ տարի սեփականաշնորհել վերջացնել, այնպես որ չվաճառելու տարբերակ չկա: Պատգամավորներից ոմանք սակայն շարունակելու են ընդդիմանալ 250 միլիոն դոլարանոց բաշխիչ ցանցերի սեփականաշնորհմանը :

ԱԺՄ վարչության նախկին անդամ Վահե Վարսանյանի տպավորությամբ վարչապետ Արամ Սարգսյանը կառավարություն ձեւավորելու համար նախարարների հայտեր է ընդունում : Այդ նախարարներից մեկը միշտ ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ԱԺՄ-ի հայտնի դեմքերից է: Վահե Վարսանյանը դուրս է գալիս ԱԺՄ-ից, սակայն ԿԸՀ-ում կներկայացնի այդ քաղաքական ուժը:

2000-ի փետրվարի 29-ի դրությամբ լեզվաբան Աշոտ Սուքիասյանի եւ նրա գործընկերների ջանքերով պատրաստ է հայերենի 4 հատորանոց 249 հազար նիշ պարունակող նոր բացատրական բառարանը, սակայն գոնե մեկ հին սերնդի համակարգիչ չկա դա հավաքելու համար : Պետությունը վճարել է նրանց ամսեկան 3-4 հազար դրամները, բայց բառարանների խմբագրման համար այլեւս գումար չի տալիս, պահանջում է այն հանձնել տպագրության : Պատրաստ են նաեւ այս մարդու հոմանիշների եւ օտարազգի բառերի բացատրական-ստուգաբանական եւ բառակազմական բառարանները, դրանց տպագրությունն արդեն Աստծո կամքից էլ անդին է :

Ազատամարտի վետերանների միության համար 2001-ի փետրվարի 28-ի դրությամբ դեռ բազմաթիվ հողեր ունի վերցնելու Ադրբեջանից : Պետեկամուտների նախարարությունում նույն օրը պայթուցիկ սարք են փնտրում, իսկ նախարար Անդրանիկ Մանուկյանն իր աշխատասենյակում թզբեհ է պտտում : Մանուկյանն զգուշացնում է, ինչքան պայթուցիկ սարքի մասին ահազանգերը շատանան, հարկահավաքությունը խստացվելու է: Պայթյուն չեղավ նաեւ նախարարության շենքում:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը բավարարված չէ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի դեմ հարուցված քրեական գործով: Փաշինյանը իր աշխատողներին խնդրել էր պարզել, թե կառավարման համակարգում ինչպես են հայտնվում դեգեներատները: Երիցյանն անմիջապես հասկացել է ակնարկը: Իսկ միգուցե այս մարդը վիրավորվի այն մեղադրանքներից, որ իր ենթականերն ու մերձավորները ավիացիայի համակարգում կոռուպցիայով են զբաղված:

2002-ի փետրվարի 28-ին արդարադատության նախարարությունը խոսում է այն մասին, որ կալանավայրերի պետերը պետք է տեղեկանան մարդու իրավունքների մասին: Արդարադատության նախարարության ներկայացուցիչը դժվարանում է ասել, թե կադրերն ինչքանով են պատրաստ եվրոպական չափանիշներով մոտենալ իրենց պարտականություններին : Ի դեպ կալանավայրերում կա 4500 կալանավոր եւ ավելի քան 1400 աշխատակից:

2002-ի փետրվարի 28-ին Հայաստանի բոլոր լրատվամիջոցները համախմբվում են այն գաղափարի շուրջ, որ պետք է ճնշում գործադրել կառավարության վրա «ԶԼՄ-ների մասին» օրենքի նախագիծն այս տեսքով ընդունելու վրա : Լրատվամիջոցները պահանջում են օրինագիծը խորհրդարանում քննարկման չդնել:

2008-ի փետրվարի 29-ին Ազատության հրապարակում կանգնածներից ոչ մեկը չի կասկածում, որ նախագահի ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի հաղթանակը հասցնելու է իր տրամաբանական ավարտին : Կասկածողը մի հոգի է՝  Ռոբերտ Քոչարյանը, որն այդ պահին համալսարանում է: Նույն օրը նախագահի թեկնածու Արթուր Բաղդասարյանը, որի մասին Սերժ Սարգսյանն ասել էր՝ մենք մեր հաճախորդներին լավ գիտենք, համաձայնվում է դառնալ վերջինիս իշխանության Անվտանգության խորհրդի քարտուղար: Հենց դա էլ կանխորոշում է դեպքերի հետագա ընթացքը:

Ազատության հրապարակը սպասում է գարնան առաջին օրվան :