Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Դավիթ Անանյանը զոհվեց հրադադարի հաստատմանը զուգահեռ (տեսանյութ)

41-ամյա Դավիթ Անանյանը Արցախյան վերջին պատերազմին կամավոր մեկնեց Արցախ ու կյանքը չխնայեց՝ հանուն իր զավակների ապագայի, հանուն Արցախի ու իր գաղափարների։ Դավիթը երեք զավակների հայր էր՝ Գոռի, Նարեի ու Մոնթեի։ Դավիթի 4-ամյա որդին՝ Գոռը, հայրիկին շատ է կարոտել, բայց համոզված է՝ հայրիկը գնացել է, որ ինքն ավելի խաղաղ բանակում ծառայի․

«Մի օր շատ նեղված ասաց՝ պապան ինձ թողելա, ասացի՝ պապան քեզ չի թողել, պապան գնացելա, որ մենք խաղաղ ապրենք, ասեց՝ վա՞տ բանակ էր, ասեցի՝ սա կռիվ բանակ էր, ասեց՝ բա ինչի՞ չի ապասել, ես մեծանամ, իրար հետ գնանք, ասացի՝ ինքը գնացելա, որ հետո դու լավ բանակ գնաս, ուրախացավ»,-պատմում է Դավիթի կինը՝ Օգիտան։

Նաև հիշում է՝ որքան էր Դավիթը սպասում ավագ որդու ծնունդին, որդուն Մոնթե անվանակոչելը Դավիթի երազանքն էր եղել․

«Մեծ Մոնթեի ծննդյան օրը մի օր փոքր Մոնթեին տանում է Եռաբլուր, Մոնթեն երևի 2,5 տարեկան էր, ասեց՝ քեզ ծնունդի եմ տանում, հետո Մոնթեն հետ եկավ, ասեց՝ մամա, ծնունդի էինք գնացել, բայց տորթիկ չկար»,-հիշում է Օգիտան։

Ասում է՝ դժվար է լրացնել հոր բացակայությունը երեխաների կյանքում, ամուսինը նրանց համար խիստ հայր լինելուց բացի՝ ավագ ընկեր էր, լավ խորհրդատու․

«Մի օր ասեց՝ Նարե՛, մի հատ արի, Նարեն ասեց՝ ինչա՞ եղել, պա՛պ, ասեց՝ դու ինձ հարցրե՞լ ես, որ էսքան մեծացել ես»։

Նարեն հիշում է թեյի սեղանի շուրջ հայրիկի հետ կիսվում էր, խորհուրդներ հարցնում, ստանում շատ հարցերի պատասխաններ։ Օգիտայի ու Դավիթի ընտանիքը Արցախում՝ Լաչինում է ստեղծվել, Ոստիկանական ակադեմիան ավարտելուց հետո Դավիթը ցանկացել է ծառայությունը Արցախում շարունակել։

Թե որքան էր Դավիթը սիրում Արցախը, նրա մանկության ընկերներն են պատմում, վստահ են՝ Արցախը կանչում էր նրան․

«Արցախի հետ կապը միշտ ուներ, նույնիսկ եթե ընկերներով որոշում էինք, թե հաջորդը որտեղ պիտի հավաքվեինք, Դավիթն ասում էր՝ գնանք Արցախ, Արցախով ինքն ապրում էր»,-հիշում է Դավիթի մանկության ընկերը՝ Վահե Ենոքյանը։

Արցախում Դավիթը մասնագիտական մեծ առաջընթաց է ունեցել, եղել է քրեական հետախուզության ամենաերիտասարդ պետերից մեկը, զուգահեռ նաև սպորտով է զբաղվել: Պետական մտածողությամբ մարդ։ Մանկության ու ուսանողական տարիների ընկերը՝ Արմենը, այսպես է բնութագրում նրան․

«Իր բոլոր գործողություններով ձգտում էր այնպես անել, որ պետությանը օգուտ տա։Վստահ էր, որ պետություն էր կերտում»,-ասում է Արմենը։

Վերջին տարիներին Դավիթը ապահովագրական ընկերությունում էր աշխատում, բայց նոր պլաններ ու նպատակներ շատ ուներ: Պատերազմի առաջին օրվանից մի քանի անգամ տարբեր զինկոմիսարիատներ է գնացել, փորձել կամավորագրվել, ասել են՝ որպես ոստիկանության պահեստազորի սպա՝ պետք է սպասի, կարճ ժամանակ անց նոր տարբերակ է գտել, միացել է «Ողջ մնալու արվեստը» կառույցին և հենց նրանց հետ մեկնել սկզբում Քարվաճառ, ապա Կարմիր Շուկա․ Ընկերները համոզված են՝ մսրտի դաշտ գնալու որշումից Դավիթին հնարավոր չէր հետ պահել։

Հոր հետ վերջին խոսակցությունը հիշում է նաև ավագ որդին՝ Մոնթեն, ով միայն ասաց՝ մեկնելու օրը հայրն ասել է՝ այսուհետ ընտանիքի գլխավորը դու ես, լավ կնայես բոլորին։ Ընկերները դեռ Ապրիլյան պատերազմի օրերից են պատմում՝ որքան անձնազոհ էր կյանքը հանուն հայրենիքի չխնայելու հարցում․ Մարտական ընկերները հիշում են՝ պատերազմի թեժ օրերին նույնիսկ Դավիթը կատակում էր, ծիծաղում ու դրական լիցքեր հաղորդում բոլորին․ Դավիթ Անանյանի կյանքը պատերազմի վերջին օրը՝ նոյեմբերի 9-ին հրադադարի հետ էլ ավարտվել է․

«Ինքը պայմանգիրը կնքելուց 10 րոպե առաջ է զոհվել, ռումբի պայթյունից»,-հիշում է Դավիթի դասակի հրամանատարը՝ Պարույր Մարտիրոսյանը։ 4-ամյա Գոռն արդեն գիտի՝ պատերազմն ավարտվել է, բայց մեկ հարցի պատասխան չունի՝ հայրիկը չգիտի՞ այդ մասին, ինչո՞ւ հետ չի գալիս։