Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Ես չեմ հասկանում՝ մարդ ինչքան խելագար պետք է լինի կամ անխելք, որ կողմ լինի այս իշխանություններին». Վազգեն Մանուկյան (տեսանյութ)

 

 Հայրենիքի փրկության ճակատի  վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը,ով երեկ ուշ երեկոյան «Իմ Քայլը» խմբակցության պատգամավորներին հանդիպելու և քննարկումների կոչ էր արել, պատասխան դեռևս չի ստացել։ Նա դեռ սպասում է։

Փետրվարի 20-ին  Վազգեն Մանուկյանը  նշել էր, որ իրենք ունեն «պլան A և պլան B»։  Բաղրամյան  պողոտայում, այսօր լրագրողի հարցին, թե արդյո՞ք զարգացումները տանում են դեպի պլան B, նա պատասխանեց․

«Ընդհակառակը, ես կարծում եմ, որ պլան A-ն իրեն շատ լավ արդարացնում է, որովհետև գրեթե չի մնացել Հայաստանում ինստիտուտ, որ չի պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ինքը կորցնում է իր հենարանները և որևէ պլան B-ի անհրաժեշտություն կարող է չառաջանալ։ Երեկ Հանրապետության հրապարակում հավաքված մարդկանց եթե նայեիք, քաղաքացիական հագուստով շատ ոստիկաններ կային։ Մի քանի շուկայի և օլիգարխի աշխատողների բերել էին այնտեղ, որոնց ինչ ասում են՝ անում են։ Ոչ մի էներգետիկա չկար այնտեղ»։

«Ես չեմ հասկանում՝ մարդ ինչքան խելագար պետք է լինի կամ անխելք, որ կողմ լինի այս իշխանություններին»,- ընդգծեց նա։

Ըստ պլան A-ի՝  Փաշինյանին՝ սատարող հենարաններից զրկելն է, իսկ ըստ  պլան B-ի՝ «ցանկացած պահի՝ դա կլինի այսօր, կարող է լինել մեկ շաբաթ հետո կամ 10 օր հետո, պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը»։

Վազգեն Մանուկյանի խոսքով, ցանկացած երկրում, որտեղ իշխանափոխություն է տեղի ունենում, երբեք չի լինում, որ 100%-ը դեմ լինի իշխանությանը․

«Հայաստանում, իմ գնահատականով, 80%-ը առնվազն դեմ է իշխանությանը, նրանց մի զգալի մասն էլ նաև պահանջում է հրաժարական», - ասաց նա։

Նիկոլ Փաշինյանի հետ խորհրդակցության գնալը Վազգեն Մանուկյանը բացառում է․

«Այս 2․5 տարվա ընթացքում նա ապացուցեց, որ ոչ մեկից ոչ մի խորհուրդ չի լսում։ Ինքը նույնիսկ գնում էր Արցախի հարցով բանակցությունների, լայաղ չէր անում հարցնել այն մարդկանց, որ մասնակցել էին բանակցություններին կամ տեղյակ էին և՛ գաղտնիքներից, և՛ բացահայտներից», - ասաց նա։