Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ձեր աչքի առաջ մի մարդ կոտորեց հազարավորների, դուք դրանից հետո իրեն հանցագործ չեք համարո՞ւմ․ Մանուկյանը՝ ոստիկաններին

Կառավարության հրաժարականը պահանջող Հայրենիքի փրկության շարժման անդամներն ու երթի մասնակիցները Արամ Մանուկյանի արձանի մոտից շարժվեցին և հասան ոստիկանության շենք։ Վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը և մյուս անդամները նախ ծաղիկներ խոնարհեցին Արամ Մանուկյանի կիսանդրու առաջ, ապա պահանջ ներկացրին ոստիկանապետին՝ իջնել և բացատրություն տալ այսօր տեղի ունեցածի համար։

«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող Իշխան Սաղաթելյանը քաղաքացիներին կոչ արեց շրջափակել ոստիկանության շենքը, ապա ելույթ ունեցավ շարժման միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Մենք ոստիկանություն շատ ենք տեսել. ԽՍՀՄ-ում ենք պայքարել, տարբեր նախագահների ժամանակ ենք ապրել, բայց այն դաժանությունը, որ ես այսօր տեսա, նման դաժանություն երբեք չի եղել»,-հայտարարեց Մանուկյանը, ապա դիմեց ոստիկաններին․

«Էդ ո՞ւմ եք պաշտպանում դուք: Մեր պետությունը, որ կառուցվեց, բանակի սաղմերը, ամեն ինչ սկսվեց ոստիկանությունից: Մեր ոստիկաններն էին Լաչինը պաշտպանում, նրանցից սկսվեց ջոկատների միավորումը»:

Մանուկյանի խոսքով՝ ոստիկանությունը պետք է ունենա բնազդ, թե ով է հանցագործը․

«Ձեր աչքի առաջ մի մարդ կոտորեց հազարավորների, հանձնեց Արցախը, մեր սահմանները, ու դուք դրանից հետո իրեն հանցագործ չեք համարո՞ւմ, եթե հանցագործ եք համարում, բայց աշխատավարձի համար աշխատում եք, այդ դեպքում դուք ոստիկաններ չեք: Բոլորին հիշելու ենք»:

Ոստիկանության շենքի մոտից երթը շարժվեց դեպի ԱԱԾ, այս պահին նրանք ԱԱԾ-ի մոտ են։

Ոստիկանապետ Վահե Ղազարյանը ցուցարարներին տեղեկացրել է, որ կհանդիպի նրանց հետ, բայց ոչ այս պայմաններում։