Բացել լրահոսը Փակել լրահոսը
xLY3sI5o9XWh74Vm
A A
Տեսանյութեր Հասարակություն

ԳԱԱ կազմից հանելով՝ Կառավարությունը ձգտում է Աստղադիտարանը անմիջական հսկողության տակ վերցնել. Արեգ Միքայելյան (տեսանյութ)

«Ուզում են բոլոր հիմնարկները հիմնադրամներ դարձնեն։  Հիմիկվանից ասում են, որ պետք է կրճատումներ լինեն, որոշ հիմնարկներ ընդհանրապես դադարեն գոյություն ունենալ։ Հիմա գոնե գիտությունը միասնական է և առ այսօր չեն կարողացել գիտության նկատմամբ լուրջ ոտնձգություններ անել»,- նշում է ԳԱԱ Վ.Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը՝ խոսելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի մասին։

Նա նկատում է՝ կառավարությունը ձգտում է ամեն ինչ իր ուղղակի հսկողության տակ վերցնել և Աստղադիտարանը ԳԱԱ կազմից դուրս հանելով՝ ուզում են անմիջական հսկողության տակ վերցնել։

Միքայելյանի խոսքով՝ այդ նախագծում  գիտության մասին շատ քիչ բան կա, ընդհանուր 10 տոկոսն էլ  գիտության մասին չի։

«Այդ օրենքում նսեմացված դերում է գիտությունը։ Եթե հարցեր առաջանան, հասկանալի չի լինի, թե ինչի հիման վրա պետք է դրանք լուծվեն»,- ասաց Աստղադիտարանի տնօրենը։

Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր  Հովհաննես Հովհաննիսյանի այն հայտարարությանը, որ աստղադիտարանի ստուգումների ժամանակ միայն 80 մլն դրամ գումար է հայտնաբերվել վերջին 3 տարվա ընթացքում, Աստղադիտարանի տնօրենը պնդում է, որ դրանք բացարձակ կեղծիք է․ «Նա բառախաղի միջոցով փորձում է կեղծ տպավորություն ստեղծել։ 80 մլն հիշատակված գումարների համագումարն է։ Նա վերցնում է, թվերը գումարում իրար ու ասում, որ 80 մլնի բան է հայտնաբերվել։ Դա բացարձակ կեղծիք է»,-ասում է նա։

Խոսելով աշխատակիցների՝ աշխատանքից ազատելու մասին լուրերի մասին, նա  նշում է, որ տվյալ աշխատակիցները մեկ ամիս աշխատանքի չգալուց ու չորս անգամ զգուշացումից հետո են հեռացվել աշխատանքից․ «Հեռացրել ենք աշխատանքից, դատարան են ներկայացրել, 3 ատյանն էլ հաստատել է մեր որոշումը»,- ասաց նա։

Արեգ Միքայելյանի խոսքով՝ նման վերաբերմունք երբևիցե իշխանությունների կողմից չի եղել․

«Այս հետապնդումները բոլոր ոլորտներում արվում էին։ Բնականաբար, գիտության պատասխանատուներն էլ ասում էին բա մեր ոլորտում ինչ անենք, եկեք մենք էլ «հերոսանանք»։ Հեռախոսազրույց եմ ունեցել Հ․Հովհաննիսյանի հետ, ասում է բողոք ենք ստացել, պիտի զբաղվենք․ դե զբաղվեք, եթե բան ու գործ չունեք, որևէ բան չունեք արարելու, որևէ արժեք ստեղծելու, ձեր ամբողջ գործունեությունը հանգում է միայն ուրիշների արածը վարկաբեկելուն, խնդրեմ՝ արեք։ Դրանով են հպարտանում իրենք»,-ասում է նա։

Ի դեպ, Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի 75-ամյակի կապակցությամբ առաջին անգամ  նախատեսվում է գիրք հրատարակել աստղադիտարանի պատմության և նվաճումների մասին:

 

Մանրամասները՝ տեսանյութում