Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հոլանդիան շարունակում է հաղթարշավը

Սպորտ

Ֆուտբոլի Հոլանդիայի հավաքականը 2010 թ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ խաղում 3:2 հաշվով հաղթելով Ուրուգվայի ազգային թիմին, մտավ եզրափակիչ եւ անմիջականորեն կպայքարի ՖԻՖԱ-ի գավաթի համար:

Խաղի հաշիվը 18-րդ րոպեին հեռահար հարվածով բացեց հոլանդացիների ավագ Ջիովանի Վան Բրոնկհորստը, իսկ 41-ին հավասարացրեց ուրուգվայցիների ավագ Դիեգո ֆորլանը: Երկրորդ խաղակեսի միջնամասում` 70-րդ եւ 73-րդ րոպեներին, հոլանդացիներ Վեսլի Սնայդերն ու Արիեն Ռոբենը հաշիվը դարձրին 3:1: Ուրուգվայի հավաքականը մնացած ժամանակում կարողացավ ընդամենը կրճատել այն. 92-րդ րոպեին հեռահար դիպում հարվածով աչքի ընկավ Պերեյրան:

Ի դեպ, Հոլանդիայի հավաքականը 2008 թ սեպտեմբերից հետո անցկացրած 25 պաշտոնական հանդիպումներում առայժմ պարտություն չի կրել: Նարնջագույները այդ խաղերից 20-ում հաղթանակ են տոնել, իսկ 5-ում ոչ-ոքի խաղացել, բացի այդ նրանք միակն են աշխարհի առաջնությունում, որ միմիայն հաղթանակներ են տարել:

Նշենք, որ Հոլանդիան իր պատմության մեջ երրորդ անգամ մտավ եզրափակիչ: Նրա առաջին երկու փորձերն անհաջող էին ավարտվել: Եվ 1974 թ, եւ 1978 թ նարնջագույները վերջին խաղում պարտվել էին դաշտի տերերի թիմերին` համապատասխանաբար ԳՖՀ-ի եւ Արգենտինայի ընտրանիներին: Այս անգամ նրանք եզրափակիչում կհանդիպեն չեզոք երկրի թիմի հետ, կամ Իսպանիայի, կամ Գերմանիայի հետ, որոնք այսօր կհանդիպեն կիսաեզրափակիչ երկրորդ խաղում: