Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Հոր նվեր ծխամորճը՝ հավաքածուի առաջին նմուշ․ Վահագն Ճենտերեճյանի հավաքածուն (տեսանյութ)

Փետրվարի 20-ը ծխամորճ ծխողների միջազգային օրն է։

Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում ևս այս օրը ծխամորճ ծխողները հավաքվում ու կազմակերպում են մրցույթ, որի ժամանակ յուրաքանչյուր մասնակցի տրվում է 3-ական գրամ միևնույն թութունից ու ընդամենը 2 հատիկ լուցկի։

Այդ 2 հատիկ լուցկիով ով ավելի երկար է ծխում, նա էլ համարվում է հաղթող։

1-ին տեղ գրավող մասնակցին տրվում է հայ վարպետի ձեռագործ ծխամորճ։

2018 և 2020 թվականներին մրցույթում հաղթող է ճանաչվել Վահագն Ճենտերեճյանը, ով արդեն 5 տարի է հետաքրքրված է ծխամորճերով և ունի 50-ից ավելի  ծխամորճից բաղկացած հավաքածու․

«Ինչ սկսել եմ ծխել, հայրս ինձ ծխամորճ նվիրեց, և մեկ-մեկ ծխում էի այդ ծխամորճով ու մի օր հասկացա, որ դա բավականին լուրջ մշակույթ է ու սկսեցի կոլեկցիա հավաքել։ Տարբեր ծխամորճեր եմ փորձել ու կանգ եմ առել կոնկրետ մի ֆիրմայի վրա, որոշել եմ հավաքել բոլոր մոդելները։ Խոսքը դանիական ֆիրմայի մասին է, որի որակն եմ հավանել և դիզայնը»,-ասում է նա։

Վահագնի հավաքածուում ներառված են տարբեր կառուցվածք ունեցող ծխամորճեր, որոնցից ամենաշատը նա հավանում է «Պոկեր» տեսակի ծխամորճը։

Համեմատելով հայ և դանիացի վարպետների գործերը՝ կոլեկցիոները  նշում է, որ հայ վարպետները ևս բավականին հաջող ծխամորճագործներ են, սակայն դեռևս չունեն համաշխարհային ճանաչում․ «2-ին բավականին լավ ճանաչում եմ ու հուսամ նրանք էլ կհասնեն համաշխարհային մեծ անվանը»։

Ծխամորճերը պատրաստվում են տարբեր ծառատեսակներից՝ տանձ, ծիրան, բալ, կաղին, բայց հիմնական նյութը դա բրիարն է, որից էլ պատրաստված են Վահագնի հավաքածուի բոլոր նմուշները․ «Այս փայտից պատրաստվածներն ավելի դիմացկուն ու համով են»,-նշում է նա։

Վահագնը շեշտում է՝ սա լուրջ մշակույթ է․ «Ինձ համար սա ծխելու կուլտուրան է։ Այն դանդաղ պետք է ծխես ու վայելես թութունի երանգները»։

Մանրամասները՝  տեսանյութում