Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Այն, ինչ ասում է Սերժ Սարգսյանը, 90 տոկոսով հենց այդպես էլ եղել է․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

Եթե տարածքները պետք է տրվեին Ադրբեջանին, չպետք է ներդրումներ արվեին։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԼՀԿ ղեկավար էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ 30 տարում պետք է լուծվեր հարցը, և չարվեին ներդրումներ․

«Մարդիկ ասում են, որ մենք բանակցում էինք, որ տանք, ես ասում եմ՝ ուրեմն պետք է այդ ուղղությամբ աշխատանք տարվեր, որպեսզի բոլորիս պատրաստեին չտալուն, հետո գաղտնիքը բացեին»,-նշում է Մարուքյանը՝ հավելելով,որ անդադար ասվել է, որ մենք բանակցում ենք, բայց տալու որևէ նպատակ չունենք։

Մարուքյանը նաև հիշեցնում է՝ Արցախում գրվել է Սահմանադրություն ՀՀ ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի կողմից ՀՀ իշխանության բարձր հովանու ներքո․

«Այդ Սահմանադրության մեջ գրվել է, որ բոլոր 7 շրջանները  Արցախի Հանրապետության տարածք են համարվում, անքակտելի են, մյուս կողմից այդ տարածքները փոխանցելու վերաբերյալ բանակցություններ են գնում»։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հարցազրույցի երկրորդ հատվածին, Մարուքյանն ասում է՝ կրկին համոզվեց, որ պետք է ստեղծվի պարիտետային հանձնաժողովը, քանի որ կան ինֆորմացիաներ, որոնք հնանալու են, չի բացառվում, որ անհետանան փաստաթղթային տվյալները․

«Այն, ինչ ասում է Սերժ Սարգսյանը, 90 տոկոսով հենց այդպես էլ եղել է, ես հոկտեմբերի 2-ին հասել եմ Արցախ և այնտեղ իմացել եմ, որ թույլ չեն տվել նախկին փորձառու գեներալներին մասնակցել պատերազմի հետ կապված հարցերին, և ինձ ուղղակի ասվել է՝ սա աբսուրդ է, ինչո՞ւ են նման բան անում, բոլորը շատ հիասթափված և նեղացած Ստեփանակերտի հրապարակում կանգնած են եղել, ես այդ տեսել եմ, իշխանությունը պետք է պատասխան տա դրա համար, Արցախի նախագահը պետք է պատասխան տա նրա համար, որ իրեն ուզել են օգնել նախկին նախագահները, հանդիպում են խնդրել, փաստորեն նա մերժել է»։

Մարուքյանն ասում է՝ Արցախ է մեկնել Արայիկ Հարությունյանի մարտակոչի օրը, մի քանի պատգամավորներով խնդրել են զենքեր, որպեսզի միանան պատերազմին, մինչդեռ իրենց ասել են՝ վերադարձեք և դիվանագիտական, քաղաքական միջոցներ ձեռնարկեք՝ պատերազմը կանգնեցնելու համար․

«Հոկտեմբերի 2-ին բոլորն այն տրամդրությունն ունեին, որ այս պատերազմում մենք պարտվելու ենք»։

Մարուքյանը հիշեցնում է՝ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ հարուցվել է 1000 քրեական գործ, ըստ ԼՀԿ ղեկավարի՝ իշխանությունն ուզում է էպիզոդներ քննել, մինչդեռ դա նախապատերազմյան շրջանի և պատերազմի կառավարման ընթացքի մասին մեզ որևէ բան չի ասելու։

Մարուքյանն ասում է՝ չի հավատում, որ Ապրիլյան պատերազմի ընթացքում Ադրբեջանն է խնդրել, որ պատերազմը կանգնեցվի, ասում է՝ եթե այդպես լիներ, 800 հեկատար մենք պետք է իրենցից գրաված լինեինք։

Մարուքյանն անդրադարձավ նաև ռուսերենը Արցախում պետական լեզու դարձնելու հարցին, ասաց՝ նորմալ է վերաբերվում․

«Մենք ունենք երկու տարբերակ՝ կամ Արցախում պետական լեզուն լինում է ադրբեջաներենը, կամ հայերենի հետ լինում է նաև ռուսերենը, որովհետև մեծ ռուսական կոնտինգենտ կա, հիմա ուզում եք՝ այդ կոնտինգետը խաղաղություն ապահովի, ամեն ինչ անի, բայց իրենց լեզուն չլինի՞, դա արդա՞ր է»։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե իշխանությունը հանձնել է Կարեն Կարապետյանին, ոչ թե Նիկոլ Փաշինյանին, Մարուքյանն ասում է՝ առարկություն ունի․

«Եթե Սերժ Սարգսյանը երրորդ  ժամկետ չառաջադրվեր, և լիներ այնպես, ինչպես ներկայացվել է, այսինքն՝ Կարեն Կարապետյանը լիներ վարչապետ, Հայաստանում ընդհանրապես հեղափոխություն չէր լինի, երկրորդը՝ մայիսի 1-ին Խորհրդարանում իրավունք կար առաջադրելու վարչապետի թեկնածու, մայիսի 1-ին «Ելք» խմբակցությունը առաջադրում է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում, Հանրապետականը չի առաջադրում Կարեն Կարապետյանի թեկանածությունը, մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանն առաջադրվում է երկրորդ անգամ և ընտրվում, հիմա իշխանությունը պետք է հանձնվեր Կարեն Կարապետյանին, նա պետք է առաջադրվեր, եթե առաջադրվեր, Հանրապետականը կընտրեր, և նա կընտրվեր»։