«Ուլիսը» ոչ-ոքի խաղաց
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի «Ուլիսը» ոչ-ոքիով նշեց իր նորամուտը եվրոգավաթներում:
Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման 1-ին փուլի անդրանիկ խաղում մեր թիմը «Հրազդան» ստադիոնում հյուրընկալեց Թել Ավիվի «Բնեյ-Յեհուդային»:
Երկու թիմերն էլ չնայած միմյանց դարպասներին ստեղծեցին մի քանի վտանգավոր պահեր, սակայն այդպես էլ չկարողացան գոլ խփել եւ գրանցվեց ոչ-ոքի արդյունք` 0:0, ինչը պատասխան խաղից առաջ առավելություն չտվեց ոչ «Ուլիսին», եւ ոչ էլ «Բնեյ-Յեհուդային»:
Խաղից հետո հյուրերի գլխավոր մարզիչ Դրոր Կաշտանը ասաց, որ շոգ եղանակի պատճառով իր ֆուտբոլիստները չկարողացան լրիվ ուժով խաղալ, սակայն չնայած դրան, երկրորդ խաղակեսում նույնիսկ կարողացան գոլային պահեր ստեղծել: «0:0-ն մեր համար նորմալ արդյունք է, եթե հաշվի առնենք այն, որ պատասխան խաղն անցկացնելու ենք մեր խաղադաշտում»:
Երեւանի «Ուլիսի» գլխավոր մարզիչ Սեւադա Արզումանյանի կարծիքով իր սաների խաղի որակի վրա ազդեց ոչ միայն շոգ եղանակը, այլեւ մեկնարկային հուզմունքը: «Մենք մինչեւ հանդիպումը անընդհատ հոգեբանական աշխատանքներ էինք տանում խաղացողների հետ, սակայն բուն խաղի ժամանակ, այնուամենայնիվ, զգացնել տվեց լարվածությունը եւ անտեղի շտապողականությունը: Կարեւորն այն էր, որ մեզ հաջողվեց անառիկ պահել սեփական դարպասը, ինչը պատասխան խաղից առաջ որոշակի հնարավորություններ է տալիս նաեւ մեզ»:
Մեր մյուս թիմը`Երեւանի «Բանանցը», որը նույնպես սկսեց ելույթները Եվրոպայի լիգայի խաղարկության որակավորման 1-ին փուլում, առաջին խաղում հյուրընկալվելիս 0:3 խոշոր հաշվով պարտվեց Ֆամագուստայի «Անորտոսիսին» (Կիպրոս):
Պատասխան խաղերը տեղի կունենան հուլիսի 8-ին: