Մի կողմից մեզ մեղադրում են «հողերը հանձնելու», մյուս կողմից՝ ճիշտ ժամանակին չհանձնելու մեջ․ պատգամավոր (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱնհիմն են Սերժ Սարգսյանի հայտարարությունները, թե 2018 թվականի շարժումը հակաղարաբաղյան էր։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասում է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։
Պատգամավորը հարց է բարձրացնում․
«Ինչի՞ հիման վրա է Սերժ Սարգսյանը նման հայտարարություն անում, այն փորձերի՞, որ փորձում էինք Արցախը դարձնել բանակցային կողմ, թե՞ Արցախում հնչած հայտարարության, որ Արցախը Հայաստան է և վերջ, թե՞ Արցախ մեր հաճախակի այցերի, նախատեսված ճանապարհների կառուցմա՞ն, որևէ նախադրյալ չկա նման հայտարարություն անելու, ավելին՝ եթե ինքը այդպես էր կարծում, ինչո՞ւ ինքը չփորձեց պահել իշխանությունը»։
Հայրապետյանի խոսքով՝ ընդդիմությունը իրենց հակասական մեղադրանքներ է ներկայացնում․
«Մեկ, որ մենք մեր համարձակ գործողություններով տարել ենք փակուղի և հանգեցրել ռազմական գործողությունների վերսկսմանը, մեկ, որ մենք բավականաչափ համարձակ չենք եղել, այսինքն՝ մի կողմից մեզ մեղադրում են «հողերը հանձնելու», մյուս կողմից՝ «հողերը ճիշտ ժամանակին չհանձնելու մեջ, այսինքն՝ այստեղ հակասություն և անարդարացիություն կա»։
Սերժ Սարգսյանի դիտարկումներին, թե Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններով բանակցությունները տարավ փակուղի, Հայրապետյանն ասում է՝ ինչո՞ւ ենք մոռանում, թե ինչպես էր Ադրբեջանը գործընթացը օր-օրի տանում փակուղի․
«Եթե փակուղի չէր, ինչո՞ւ Ադրբեջանը 2016 թվականի Ապրիլյան գործողությունները սանձազերծեց, իրավիճակը գնալով լարվում էր, և նպատակը՝ շարունակական ձգել ստատուս-քվոն ինչ-որ պահի սպառելու էր իրեն»։
Տաթևիկ Հայրապետյանն ասում է՝ թեև Սերժ Սարգսյանը խոսում է փաթեթային լուծման մասին, բայց նրա մասին, ինչի մասին ինքը խոսում էր, դա հենց փուլային լուծումն էր, այսինքն՝ իր առաջարկած տարբերակում կարգավիճակի հարցը չէր լուծվելու․
«Սերժ Սարգսյանը պնդում է մի բան, իր փաստարկներով ապացուցում այլ բան»։