Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Հայաստանում տարեկան գրանցվում է մանկական քաղցկեղի 80-100 առաջնակի դեպք (տեսանյութ)

2002 թվականից ամբողջ աշխարհն ամեն տարի փետրվարի 15-ը նշում է` որպես Մանկական քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օր:

Օրվա շրջանակներում  պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում կազմակերպվել է մամուլի ասուլիս, որի ընթացքում պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը և Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը ներկայացրել են ոլորտի վերջին մեկ տարվա ձեռքբերումները, մանկական քաղցկեղի դեմ պայքարում կատարված աշխատանքները ու հետագա անելիքները։ Այդ մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Երեխաները մեր ապագան են, և ինչպես յուրաքանչյուր պետության, այնպես էլ մեր երկրի համար նրանց առողջության պահպանման հարցը կարևորագույն խնդիր է:

Քաղցկեղն ամբողջ աշխարհում երեխաների ու դեռահասների մահվան հիմնական պատճառներից մեկն է, և ամեն տարի մինչև 19 տարեկան երեխաների և երիտասարդների մոտ ախտորոշվում է շուրջ 300 հազար քաղցկեղի դեպք` դառնելով և՛ դարի չարիք առողջապահության համար, և՛ սոցիալական խնդիր` ինչպես զարգացող, այնպես էլ զարգացած պետությունների համար:

Մանուկ հասակում, որպես օրենք, անհնար է քաղցկեղը կանխարգելել կամ հայտնաբերել սկրինինգային ծրագրերով:

Բարձր եկամուտ ունեցող երկրներում հիվանդ երեխաների 80%-ից ավելին բուժվում են քաղցկեղից, մինչդեռ ցածր եկամուտներ ունեցող շատ պետություններում այս ցուցանիշը կազմում է ընդամենը 20%:

Հայաստանում տարեկան գրանցվում է մանկական (0-18 տարեկան) քաղցկեղի 80-100 առաջնակի դեպք: Համաձայն վիճակագրության` մեր երկրում պացիենտների 70-75%-ը լիովին առողջանում են։  Քիմիաթերապևտիկ բուժումը փոքրիկները ստանում են պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում, ճառագայթային բուժումը՝ Վ․Ա․Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում, իսկ վիրահատական միջամտությունները կատարվում են  բժշկական մի քանի կենտրոններում։

Հարկ է նշել, որ մինչև 18 տարեկան երեխաներն ընդգրկված են ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններում բժշկական օգնության և սպասարկման մասին 318-Ն որոշմամբ հաստատված` բնակչության սոցիալապես անապահով և առանձին /հատուկ/ խմբերի ցանկում, որոնց պետական պատվերի շրջանակներում կարող են մատուցվել ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ:

Հայաստանում մանկական քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների և մինչև 25 տարեկան երիտասարդների բուժման իրականացմանը մեծ աջակցություն է ցուցաբերում նաև «Սիթի Օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը։ Գործունեության շուրջ 3 տարվա ընթացքում հիմնադրամը  հոգացել է շուրջ 400 երեխայի և երիտասարդի բուժման ծախսերը՝ տրամադրելով մոտ 700 միլիոն դրամի աջակցություն։

Նշենք, որ Հայաստանում ընդլայնվել է քաղցկեղի ախտորոշման համար կիրառվող մեթոդների ցանկը, ինչպես նաև առաջին անգամ գործարկվել է տարբեր ուռուցքների վաղ ախտորոշմանը, հիվանդության տարածվածության և բուժման արդյունավետության գնահատումը` պոզիտրոն էմիսիոն տոմոգրաֆիայի համակցված կոմպյուտերային տոմոգրաֆիայի (ՊԵՏ-ԿՏ) միջոցով:

Մանկական օնկո-հեմատոլոգիական հիվանդություններով տառապող երեխաների և դեռահասների բուժման համար 2019 թվականից առողջապահության նախարարությունը պետության միջոցների հաշվին ձեռք է բերում հակաուռուցքային դեղեր: Աշխատանքներ են տարվում ցանկն ընդլայնելու և ապահովվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Նշենք նաև, որ հակաուռուցքային դեղեր ստացվում են նաև մարդասիրական օգնության ճանապարհով:  

Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակներում պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնը և «Սիթի Օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամը համատեղ նախաձեռնել են «Այս պայքարում միասին ենք» խորագրով միջոցառում: Կենտրոնում բուժում ստացող երեխաները բացիկներ կպատրաստեն և կուղարկեն աշխարհի 557 բժշկական կենտրոններում բուժում ստացող քաղցկեղ ունեցող երեխաներին։

Ներկայումս ավարտին է մոտենում Արյունաբանական կենտրոնում կառուցվող Հայաստանում առաջին մանկական քաղցկեղի պալիատիվ կլինիկան: