Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առայժմ առանց մեդալների

Սպորտ

Բուլղարիայի Սամոկով քաղաքում ավարտվեց ազատ ոճի ընբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Ավաղ, մեր երիտասարդ ըմբիշներն այս անգամ չկարողացան մեդալ նվաճել:

50 կգ քաշային կարգում Մաթեւոս Սարոյանը սկզբում հաղթեց ադրբեջանցի Ղալիբ Ալիեւին եւ մտավ քառորդ եզրափակիչ, սակայն այս փուլում նա պարտվեց Վրաստանի ներկայացուցիչ Լաշե Թալախաձեին եւ մասնակցից վերածվեց հանդիսականի:

55 կգ քաշային կարգում Վոլոդյա Ֆրանգուլյանը միայն սփոփիչ վերջին մրցամարտում պարտվեց ռուս ըմբիշ Ռուստամ Ամպարին եւ ձեռքից բաց թողեց բրոնզե մեդալը:

60 կգ քաշային Հրաչյա Շահնազարյանը նախ պայքարից դուրս բերեց Ֆրանսիան ներկայացնող հայազգի ըմբիշ Սարգիս Գրիգորյանին, բայց հաջորդ մրցամարտում 0:3 հաշվով պարտվեց վրացի Թենգիզ Չոչիշվիլիին:

66 կգ քաշային կարգում Դավիթ Խաչատրյանը քառորդ եզրափակիչում զիջեց ադրբեջանցի Դավիթ Սունյուչխանովին: Վահե Թամրազյանը (84 կգ) նույնպես սայթաքեց այդ փուլում` պարտվելով գերմանացի Քրիստոֆեր Շերերին:

Իսկ ահա 74 կգ քաշային Հայկ Կարապետյանը, 96 կգ քաշային Անդրանիկ Գալստյանը եւ 120 կգ քաշային Տիգրան Քեոսայանը անհաջողության մատնվեցին արդեն առաջին մրցամարտում եւ դուրս մնացին պայքարից: