Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ընդգծված ֆավորիտներ չկան»

Սպորտ

«Այս տարվա ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ընդգծված ֆավորիտներ չկան: Նույնիսկ այժմ, երբ առաջնությունում մնացել է 8 թիմ, դժվար է ասել, թե նրանցից որը կնվաճի աշխարհի չեմպիոնի կոչումը», - գտնում է Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սուրեն Բարսեղյանը:

Ըստ փորձառու մասնագետի Իտալիայի, Ֆրանսիայի, Դանիայի, Շվեյցարիայի, Սերբիայի անհաջող ելույթները խմբային փուլում մեծ անակնկալ չի կարելի համարել: «Ես դեռ 10 տարի առաջ եմ հայտարարել, որ ժամանակակից ֆուտբոլում այլեւս գաղտնիքներ չկան, եւ որ տարեց-տարի հավաքականների խաղամակարդակները համարյա հավասարվում են, ուստի պատահական չէ, որ աշխարհի գործող չեմպիոններն ու փոխչեմպիոնները չկարողացան հաղթահարել առաջին արգելքը:

Այսօրվա ֆուտբոլի գաղտնիքը պետք է փնտրել խաղադաշտում եւ ֆուտբոլիստների մեջ: Ներկայումս հիմնականում հաղթանակ են տանում այն թիմերը, որոնք իրենց կազմում ունեն գերաստղ, որն անգամ միայնակ կարող է լուծել խաղի ելքը: Օրինակ արգենտինացի Մեսին, հոլանդացի Ռոբենը եւ այլք»:

Սուրեն Բարսեղյանի կարծիքով մենք պետք է վերլուծենք աշխարհի առաջնության արդյունքները եւ նույնպես օգտվենք դրանից: «Ցանկացած աշխարհի առաջնությունը ցույց է տալիս, թե ֆուտբոլն դեպի որ ուղղությամբ է զարգանում: Հարկավոր է ճիշտ հետեւություններ անել եւ դրանք ներդնել ու զարգացնել սեփական երկրում: Օրինակ, Գերմանիայի ընտրանին իր մրցակիցներին հիմնականում գերազանցում է արագությամբ: Դա արդեն իսկ մասնագետներին խորհելու տեղիք պետք է տա»:

Ի դեպ, Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչն անգամ չի զարմանա, եթե աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճի, օրինակ, Հոլանդիան կամ Ուրուգվայը: