Արկը հայտնվեց մեքենայի առջևի հատվածում, չպայթեց․ հակառակորդի ԱԹՍ-ից փրկված հոգևորականը պատերազմի մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Արկը հայտնվեց մեքենայի հենց առջևի հատվածում, չպայթեց, չպայթեցին նաև դրա միջոցով կրակող հրետանու հարվածները»։ Դավիթ սարկավագ Հովհաննիսյանը այսօր՝ պատերազմից ամիսներ անց հետահայաց հիշում ու պատմում է, թե ինչպես հրաշքով փրկվեց հակառակորդի անօդաչուի հարվածից։
Հայաստանի հարավային զորամասերից մեկում ծառայություն իրականացնող գնդերեցը հոկտեմբերի 27-ին կարևոր առաքելությամբ առաջնագիծ էր մեկնում, հենց վերադարձի ճանապարհին՝ Նռնաձորում էլ թիրախավորվել է նրա մեքենան․
«Իմ անձնական մեքենայով էի գնացել, հրատապ էր հարցը, շտապ պետք է այնտեղ լինեի, երբ հասա, խնդիրը իրագործվեց, բայց նաև ես թիրախավորվեցի և մեքենային հարված եղավ»,-հիշում է սարկավագը և ասում՝ իր կյանքի համար չի վախեցել, մտածել է միայն, որ իր պատճառով չթիրախավորվեն իր շուրջ եղած մարդիկ։
Պատերազմի օրերին Դավիթ սարկավագը եղել է առաջնագծում, մասնակցել մարտական գործողություններին, մկրտել զիվորականներին, իր խոսքով՝ զորացրել նրանց գործը․
«Այդ օրերին, առավել քան երբևէ, յուրաքանչյուր մեկը կարիք ունի տիրոջ խոսքով զորանալու»,-ասում է հոգևորականը և համոզմունք հայտնում, որ մյուռոնի զորությունը փրկարար ազդեցություն և խորհուրդ ունեցավ շատ տղաների համար․
«Ամեն մեկի հայացքի մեջ տեսնում էի իրենց վաղվա օրը կերտելու հնարավորությունը»,-ասում է նա։
Պատերազմը չարիք է, -ընդգծում է Դավիթ սարկավագը, միևնույն ժամանակ հիշում՝ տղաները կռվում էին գիտակցելով, որ սերը ամեն տեսակ դժվարության հաղթահարման հիմքն է։
Դժվարությամբ, բայց նաև հպարտորեն է Դավիթ սարկավագը հիշում 18-20 տարեկան հերոսների սխրանքները, անձնուրացությունները, պայքարն ու նվիրումը․
«Հիշում եմ մի դեպք, երբ տղաներից իմացանք, որ պետք է գնանք վիրավորներին բերելու, մեկը, ով վարել չգիտեր, նստել էր ղեկին, մի քանի վիրավորներին դրել էր մեքենան, կարողացել էր առաջնագծից տղաներին բերել՝ չիմանալով վարել»։
Մեր շուրջն ապրում են հերոսներ, հետահայաց ասում է հոգևորականն ու խոր հոգոց հանում՝ տղաների մասին խոսել դժվար է, բայց նրանց միշտ հիշել է պետք։