Կաշտանի 4-րդ այցը Երեւան
Աջակցիր «Ա1+»-ինՀուլիսի 1-ին Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլի շրջանակում Երեւանի «Ուլիսը» կհանդիպի իսրայելական «Բնեյ-Յեգուդա» թիմի հետ:
Այդ կապակցությամբ «Ուլիսի» ակումբն այսօր «Արարատ» հյուրանոցում կազմակերպեց մամուլի ասուլիս երկու թիմերի գլխավոր մարզիչների հետ:
Լրագրողներին առաջինը ներկայացավ «Բնեյ-Յեգուդայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Դրոր Կաշտանը: «Անչափ ուրախ եմ, որ 4-րդ անգամ եմ այցելում Հայաստան (նա եղել է նախկինում մեր թիմերի հետ հանդիպած բոլոր երեք իսրայելական թիմերի գլխավոր մարզիչը): «Բնեյ-Յեգուդան», ի տարբերություն իմ նախկին թիմի` Թել Ավիվի «Հապոելի», ավելի երիտասարդ ակումբ է եւ դեռ մեծ հաջողությունների չի հասել:
Սակայն անցած մրցաշրջանում «Բնեյ-Յեգուդան» Եվրոպայի լիգայում հաղթահարել է որակավորման երեք փուլեր: Այս տարի մենք նպաատակ ենք դրել ավելի առաջ գնալ եւ գոնե մտնել խմբային փուլ»:
Փորձառու մասնագետը նաեւ նշեց, որ չի դիտել «Ուլիսի» մասնակցությամբ որեւէ խաղի տեսագրությունը եւ համարյա ոչինչ չգիտի մրցակցի մասին: «Ես այժմ ավելի շատ զբաղված եմ իմ թիմի խնդիրներով, քանի որ շատ են նոր խաղացողները եւ հարկավոր է այնպես անել, որ նրանք իրար հետ լավ համագործակցեն խաղադաշտում»:
Ի դեպ, Դրոր Կաշտանը 2006-2009 թթ եղել է Իսրայելի հավաքականի գլխավոր մարզիչը, ուստի նրա հայտնությունը «Բնեյ-Յեգուդայում», ինքնին, պաշտոնի իջեցում է: Սակայն տարեց մասնագետն ուրախ է, որ հրավիրվել է «Բնեյ-Յեգուդա», քանի որ գտնում է, որ լավ հնարավորություն է ստացել աշխատելու երիտասարդ, հեռանկարային ֆուտբոլիստներից հետ եւ պատրաստելու բարձրակարգ խաղացողներ:
«Ուլիսի» գլխավոր մարզիչ Սեւադա Արզումանյանը վաղը «Հրազդան» ստադիոնում կայանալիք խաղի կապակցությամբ ասաց, որ թիմը նորմալ պատրաստվել է իր եվրոպական նորամուտին: «Մենք առաջին հերթին լուրջ ուշադրություն ենք դարձրել ֆուտբոլիստների հոգեբանանական պատրաստվածությանը: Ցավոք, մեր առանցքային երկու խաղացողները վնասվածք ունեն եւ չեն կարող մասնակցել հանդիպմանը: Դրանք են Կարեն Ալեքսանյանը եւ Ալեքսանդր Պետրոսյանը: Սակայն արդեն գիտենք, թե ովքեր կփոխարինեն նրանց»:
Սեւադա Արզումանյանը տեղեկացրեց, որ ակումբը նոր ֆուտբոլիստ է ձեռք բերել, հանձինս բելառուսցի հարձակվող Վիտալի Լեբեդեւի, որը ժամանակին հանդես էր եկել Երեւանի «Բանանցում»: «Մենք արդեն պայմանագիր ենք կնքել Լեբեդեւի հետ եւ նա կարող է մասնակցել «Բնեյ-Յեգուդայի» հետ խաղին: Սակայն դեռ պետք է առանձին զրուցեմ խաղացողի հետ` պարզելու, թե արդյոք նա պատրաստ է հանդիպմանը եւ քանի րոպե կարող է լրիվ ուժով խաղալ», - ասաց նա: