Սպիտակների օր
Աջակցիր «Ա1+»-ինՋերմուկում ընթացող ՖԻԴԵ-ի կանանց Գրան-պրիի 6-րդ տուրի բոլոր վեց պարտիաներն էլ արդյունավետ ստացվեցին, ընդ որում` հաղթանակ տարան միայն սպիտակ խաղաքարերով հանդես եկող շախմատիստուհիները:
Նրանցից մեկը մեր գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանն է, որը 36-րդ քայլին աշխարհի նախկին չեմպիոն Մայա Չիբուրդանիձեին պարտադրեց անձնատուր լինել: Այս հաղթանակից հետո Լիլիթը վաստակեց 4,5 միավոր եւ բարձրացավ 2-րդ հորիզոնական:
Աղյուսակը շարունակում է գլխավորել վրացուհի Նանա Ձագնիձեն, որն այս տուրում առավելության հասավ Տատյանա Կոսինցեւայի (Ռուսաստան) նկատմամբ եւ իր միավորների քանակը հասցրեց 5,5-ի:
Մեր մյուս շախմատիստուհի Էլինա Դանիելյանը, ավաղ, անվստահ անցկացրեց բուլղարուհի Անտոանետա Ստեֆանովայի հետ պարտիան եւ արդեն 28-րդ քայլին կանգնեցրեց ժամացույցի սլաքը: Այժմ նա 3 միավորով բաժանում է 6-8-րդ տեղերը:
Այսօր մրցաշարում հանգստյան օր է հայտարարված, իսկ վաղը տեղի կունենան 7-րդ տուրի պարտիաները: Լիլիթ Մկրտչյանը սեւերով կհանդիպի Էլինա Դանիելյանի հետ: