Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Քաղաքացիների հետ շփումները չեն հաղորդել այնպիսի ազդակներ, թե արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջ կա․ Լիլիթ Մակունց (տեսանյութ)

Քանի որ խորհրդարանական ընդդիմությունը և արտախորհրդարանական ընդդիմության գերակշիռ մասը արտահերթ ընտրություններ անցկացնելու հանրային պահանջ չի ձևակերպել, ուրեմն չկա այդ պահանջը, խորհրդարանում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Նրա խոսքով՝ ընտրություններին մասնակցում է ոչ միայն իշխանությունը, այլ նաև ընդդիմությունը, հետևաբար՝ կարևոր էր նաև ընդդիմության դրական արձագանքը․

«Մեզ համար ընդդիմության կողմից իշխանափոխության պահանջը հնարավոր է իրականացնել բացառապես ընտրությունների միջոցով, և դրանով է պայմանավորված եղել, որ մենք ասել ենք՝ եկեք արտահերթ ընտրություններ անցկացնելու տարբերակը քննարկենք և չենք առարկել», - ասաց Մակունցը։

Ինչ վերաբերում է հետագա անելիքներին, Մակունցն ասաց, թե շարունակելու են ճանապարհային քարտեզի իրագործման աշխատանքները և ամփոփելիս կանդրադառան արտահերթ ընտրությունների անհրաժեշտությանը։

Մակունցը նաև հավելեց՝ քաղաքացիների հետ իրենց շփումները չեն հաղորդել այնպիսի ազդակներ, թե արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջ կա, բայց սա չի նշանակում, որ չեն անդրադառնալու արտահերթ ընտրությունների գաղափարին՝ արդեն ճանապարհային քարտեզի հետ կապված աշխատանքները ամփոփելիս։ Ինչ վերաբերում է քննդատություններին, թե Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունից հետո իշխանությունը հրաժարվեց արտահերթի գաղափարից և վախեցել է, Մակունցն արձագանքեց․

«Մեր որոշումները վախենալու կոնտեքստում չեն կարող լինել, որովհետև արտահերթ ընտրությունների առաջարկը մեր կողմից է եղել»։

Իր՝ ԱՄՆ-ում դեսպան նշանակվելու քննարկումների վերաբերյալ Մակունցը մեկնաբանություն չտվեց։