Փոխնախագահը խոսեց հայերեն
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի «Միկա» մարզադահլիճում մեկնարկեց բասկետբոլի Եվրոպայի առաջնության կանանց C դիվիզիոնի մրցաշարը:
Առաջին խաղում Մոլդովայի հավաքականը 82:66 հաշվով հաղթեց Անդորայի թիմին: Այնուհետեւ տեղի ունեցավ բացման արարողությունը, որը սկսվեց 20 րոպե ուշացումով:
Նախ դահլիճ մտան առաջնության մասնակից բոլոր թիմերը եւ մրցավարները: Ապա բացման խոսքով հանդես եկավ ՖԻԲԱ-Եվրոպայի փոխնախագահ Ջոն Գոնսալվեսը, ընդ որում նա իր տեքստը կարդաց հայերեն, ինչով զարմացրեց ներկաներին: Ապա ողջույնի խոսքով դիմեց Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Այնուհետեւ հնչեց Հայաստանի օրհներգը, որից հետո սկսվեց բացման արարողության համերգային մասը: Այն ավարտվեց դհոլչիների խմբի համաչափ հարվածների ներքո: Վերջում մարզադահլիճը տրամադրվեց Հայաստանի եւ Ջիբրալթարի բասկետբոլիստուհիներին, որոնք սկսեցին նախավարժանք կատարել:
Ինչ վերաբերվում է բուն հանդիպմանը, ապա այն անցավ մեր թիմի բացահայտ առավելությամբ եւ ավարտվեց վստահ հաղթանակով` 98:45: