Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Եվրոպայում այսօր կամերաների համար են նվագում և միայն Հայաստանում՝ ունկնդրի․ Աշոտ Խաչատուրյան (տեսանյութ)

Արմատներով արցախցի բելգիաբնակ մեր հայրենակից Աշոտ Խաչատուրյանը, այսօր՝փետրվարի 4-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։ Նրա կատարմամբ կհնչի Բեթհովենի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը, որը համարվում է Բեթհովենի և, առհասարակ, այս ժանրի լավագույն ստեղծագործություններից։

 «Ծնվել եմ Բաքվում։ Չորս տարեկան էի, որ Երևան եկանք։ Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանն ավարտեցի և ընտանիքս տեղափոխվեց Բելգիա»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է դաշնակահարը։

Աշոտ Խաչատուրյանն ուսանել է Շվեցարիայի, Գերմանիայի և Իտալիայի լավագույն մասնագետների մոտ և Եվրոպայում այսօր համարվում է իր սերնդի լավագույն դաշնակահարներից որպես դաշնամուրային բարդագույն երկերի ուրույն և վիրտուոզ կատարող։ Ի դեպ, երեք տարի առաջ նա հիմնադրել է Իսայիի անվան միջազգային երաժշտական փառատոնը, որի նաև գեղարվեստական ղեկավարն է։ 

«Մաեստրո Թոփչյանի հրավերով եմ եկել։ Ուրախ եմ, որ շատ լավ կարողանում ենք հաղորդակցվել։ Կես խոսքից միմյանց հասկանում ենք։ Սա կարևոր է, թե մենակատարի, թե նվագախմբի համար»,- ասում է երաժիշտը,- Կարևոր է նաև այն, որ Եվրոպայում այսօր երաժիշտները միայն կամերաների առաջ կարող են նվագել և Հայաստանում է միայն, որ ունկնդրի համար են կատարում։ Կարծում եմ, որ սա շատ դրական է մարդկանց համար, որոնք կարողանում են ուժ գտնել ու գալ համերգի։ Իմ հայրենակիցներին ցանկանում եմ, որ պինդ լինեն, որքան կարողանանք կօգնենք, համենայն դեպս ես իմ կողմից դա անում եմ և կշարունակեմ։ Պինդ լինենք և միասին»։