Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գերմանիան ջախջախեց Անգլիային

Սպորտ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության երկրորդ փուլը սկսվեց Ուրուգվայ- Հարավային Կորեա հանդիպումով: Հարավամերիկացիներն ի հաշիվ Լուիս Սուարեսի խփած երկու գոլերի դժվար հաղթանակ տարավ` 2:1, եւ առաջինը մտավ քառորդ եզրափակիչ:

Ուրուգվայցիների մրցակիցը հայտնի դարձավ ԱՄՆ - Գանա հանդիպումից հետո: Խաղի հիմնական ժամանակում գրանցվեց ոչ-ոքի` 1:1, իսկ լրացուցիչ ժամանակում ավելի հաջողակ գտնվեցին աֆրիկացի ֆուտբոլիստները, որոնք եւս մեկ գոլ խփեցին եւ իրենց պատմության մեջ առաջին անգամ մտան 1/4 եզրափակիչ:

Այս փուլի հանդիպումներից առավել մեծ հետաքրքրություն առաջացրել էր Գերմանիա - Անգլիա խաղը: Այն անցավ բավական դիտարժան պայքարում, չնայած այն բանին, որ ավարտվեց գերմանացի ֆուտբոլիստների խոշոր հաշվով հաղթանակով` 4:1:

Ի դեպ, աշխարհի լրատվամիջոցները գտնում են, որ իսկական սկանդալ կծագեր խաղից հետո, եթե Գերմանիայի հավաքականը հաղթեր ընդամենը մեկ գոլի առավելությամբ: Բանն այն է, որ 2:1 հաշվի ժամանակ անգլիացի Լեմփարդի հարվածից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին, ապա հատեց դարպասային գիծը, սակայն հանդիպման մրցավարը չարձանագրեց մաքուր խփված գոլը:

Չնայած Գերմանիայի հավաքականի վստահ հաղթանակին, բուքմեյքերների կարծիքով աշխարհի չեմպիոնի կոչման թիվ 1 ֆավորիտ է համարվում Բրազիլիայի ընտրանին: Ապա հաջորդում են Արգենտինան, Իսպանիան, նոր հետո` Գերմանիան:

1/4 եզրափակիչում գերմանացիները կհանդիպեն Արգենտինայի հավաքականի հետ, որն այս փուլում 3:1 հաշվով առավելության հասավ Մեքսիկայի ընտրանու նկատմամբ: Ի դեպ, այս խաղի մրցավարությունը նույնպես տարաձայնությունների առիթ տվեց, մասնավորապես` արգենտինացիների խփած առաջին գոլի ժամանակ: