Լրատվամիջոցներին ուղղված ականներ չկան, ականներ կան միայն անանուն աղբյուրների համար․Արթուր Հովհաննիսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ խմբակցության պատգամավորների հեղինակած «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծին, որով պատրաստվում են արգելել լրատվամիջոցներին անանուն աղբյուրներին հղում կատարել․
«Նախագիծը մեր գնահատմամբ օգնելու է տարանջատելու բարեխիղճ լրագրողներին, բարեխիղճ լրատվական գործունեություն իրականացնող կազմակերպություններին անհատ կազմակերպություններից, որոնք այսօր երբեմն ավելի հայտնի են, քան հենց բուն լրատվական գործունեություն ունեցող կազմակերպությունները»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը։
Պատգամավորը պնդում է՝ լրատվական դաշտը պետք է մաքրել ոչ լրագրողական կազմակերպություններից, որոնք խնդիրներ են առաջացնում հենց բարեխիղճ լրատվությամբ զբաղվողների համար․
«Ի՞նչ է տեղի ունենում այսօր Հայաստանում։ Կան լրատվական գործունեությամբ զբաղվող կազմակերպություններ, որոնք նույնականացվում են, մարդիկ ճանաչում են, ունեն խմբագրակազմ, լրագրողներ, խմբագիրներ, օպերատորներ, ովքեր առավոտից երեկո քրտնաջան աշխատանք են կատարում, որ հանրությանը ներկայացնեն հավաստի տեղեկություններ։ Եվ հանկարծ այդ ամբողջ աշխատանքին զուգահեռ, հայտնվում են, օրինակ՝ տելեգրամյան ալիքներ, ֆեյսբուքյան էջեր, որոնք որևէ տիպի աշխատանք չկատարելով՝ գեներացնում են տեղեկատվություն, հետո այդ տեղեկատվությունը հայտնվում է իրական լրատվամիջոցների էջերին։ Եվ այդպիսով իրական լրատվամիջոցները սկսում են փաստացի գովազդել աղբյուրների, որոնց ծագումնաբանության մասին ընդհանրապես որևէ մեկը տեղեկություն չունի»,- ասաց նա։
Ըստ պատգամավորի՝ գոյություն ունեն աղբյուրներ, որոնց միջոցով տեղեկատվական շուկայում հայտնվում են մեդիաարտադրանքներ, որոնց ծագումնաբանության մասին որևէ տեղեկություն չկա․
«Եթե մենք չենք գովազդում մաքսանենգությամբ զբաղվողներին, ապա ինչո՞ւ ենք գովազդում մաքսանենգ ճանապարհով մեդիա արտադրանքը մեդիատիրույթ բերողներին։ Հետևաբար, այս խնդիրն արձանագրելուց հետո գալիս ենք լուծմանը։ Պետությունն ունի պարտավորություն փակելու բոլոր մաքսանենգ ճանապարհները, որոնք իրենց մեջ ռիսկեր են պարունակում։ Մենք ֆիքսում ենք անանուն աղբյուրները, որոնք համացանցում գրանցված կայք են, համացանցային կայքի օգտահաշիվ կամ ալիք ունեն, որի տնօրինողի նույնականացման տվյալները թաքցված են ընթերցողից։
Հաջորդիվ արձանագրում ենք, որ լրատվամիջոցները չեն կարող հղում կատարել նմանատիպ աղբյուրներին, բայց այստեղ շատ կարևոր է, որ մենք չենք արգելում վերարտադրել այս աղբյուրների տեղեկատվությունը։ Մենք ասում ենք՝ եկեք չգովազդենք այնպիսի աղբյուրների, որոնց ծագումնաբանության մասին որևէ մեկը տեղեկություն չունի»,- նշեց Արթուր Հովհաննիսյանը և պարզաբանեց, որ որևէ կերպ չի սահմանափակվում տեղեկատվություն տարածելու իրավունքը և խոսքը լրատվամիջոցների գաղտնի աղբյուրների մասին չէ։
Հարցին, թե ինչպե՞ս առաջացավ այս նախագիծը առաջարկելու նպատակահարմարությունը, Հովհաննիսյանն արձագանքեց․
«Պատերազմի օրերին բազմաթիվ էին աղբյուրները, որոնք ղեկավարվում էին դրսից, որոնց թե՛ ստեղծման նպատակը, թե՛ տարածված տեղեկատվության բովանդակությունը բազմաթիվ խնդիրներ էր առաջացնում երկրում՝ ստեղծելով անկայունության և վախի մթնոլորտ, նման աղբյուրների գովազդումը հայկական ռեսուրսների կողմից նպաստում է նրան, որ հանրությունը այդ աղբյուրներին սկսում է նույնականացնել լրատավական գործունեություն իրականացնողների հետ»։
Պատգամավորը ընդգծեց, որ մեկ ամիս ժամանակ կա առաջարկությունների համար, ուստի իրենք բաց են լսել ցանկացած առաջարկ։
Նախագծի հեղինակն ասաց, որ համառ պայքար է մղելու, որպեսզի անանուն աղբյուրներին հղում չտալու կետն օրենքի ուժ ստանա․
«Լրատվամիջոցներին ուղղված ականներ չկան, ականներ կան միայն անանուն աղբյուրների համար»,-ասում է Հովհաննիսյանը։