Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իտալացի նախարարի կասկածները

Սպորտ

Իտալիայի «Հյուսիսային լիգա» կուսակցության առաջնորդ Ումբերտո Բոսին, որը միաժամանակ երկրի բարեփոխումների նախարարն է, ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր կայանալիք Իտալիա - Սլովակիա խաղից առաջ հայտարարել է, որ իր երկրի ֆուտբոլի ֆեդերացիան իբր գնել է այդ խաղը: «Կտեսնեք, Սլովակիայի հետ խաղը պայմանավորված կլինի, իսկ գալիք մրցաշրջանից սլովակցի 2-3 ֆուտբոլիստներ հանդես կգան Իտալիայի առաջնությունում»,-ասել է նա:

Այդ հայտարարությունից վիրավորվել են ոչ միայն Իտալիայի, այլեւ Սլովակիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարները: Ճիշտ է, Ումբերտո Բոսին մի քանի ժամ անց ներողություն է խնդրել երկրի հավաքականից, նշելով, որ ընկերների հետ զրուցելիս պարզապես կատակ է արել:

Իտալիայի ընտրանին այժմ գտնվում է դժվար վիճակում: Առաջնության վերջին խաղում եթե թիմը պարտություն կրի, ապա առաջ կթողնի հենց Սլովակիային: Ոչ-ոքիի ժամանակ իտալացիներին կարող են շրջանցել նորզելանդացի ֆուտբոլիստները, որոնք հանդիպելու են Պարագվայի ընտրանու հետ:

Ի դեպ, Նոր Զելանդիայի լեյբորիստական կուսակցության առաջնորդ Տրեւոր Մելարդը երկրի կառավարությանը կոչ է արել հանգստյան օր հայտարարել հունիսի 25-ը, որպեսզի ֆուտբոլասերները կարողանան հանգիստ պայմաններում դիտել հանդիպման ուղիղ հեռարձակումը, եւ ստիպված չլինեն առավոտյան գնալու աշխատանքի (խաղը տեղի ժամանակով սկսվելու է ժամը 5:00-ին): Սակայն կառավարությունն այդ հարցի քննարկման վրա ծախսել է ընդամենը 15 վայրկյան` մերժելով քաղաքական գործչի առաջարկը: