Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Վաղարշակ Հարությունյանը ռուսների մարդն է, իսկ Մակունցին դեսպան նշանակելը նշանակում է ձախողում. Արա Պապյան (տեսանյութ)

Ամեն ինչ պիտի անենք՝ ստեղծելու համար ժամանակակից բանակ, իսկ դրա բաղադրիչներից մեկը նաև հոգեբանական աջակցությունն է, դրա համար մենք երթի ենք դուրս եկել՝ ի համերաշխություն հայոց բանակի։ Այս մասին Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնած համերաշխության երթի ընթացքում ասաց բևեռի անդամ Արա Պապյանը։

«Ներկա իշխանությունը չունի հստակ պատկերացում՝ ինչ պիտի անի, ինչ հերթականությամբ»,-ընդգծեց նա։

«Ա1+»-ի հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը, թե մենք պատրաստ չէինք անհպում պատերազմի, Պապյանն արձագանքեց․

«Դավիթ Տոնոյանը երկար տարիներ եղել է տեղակալ, առաջին տեղակալ, նախարար, և անհպում պատերազմին պատրաստվելու համար  երկու տարին լրիվ բավարար է, արդեն  2016-ին լրիվ ակնհայտ էր՝ ինչպիսի պատերազմ էր սպասվում։ Մեծ սխալ կա բանակի ղեկավարության կողմից և՛ զենքի, և՛ մարտ մղելու տեսանկյունից»։

Պապյանը կարևորում է իրավիճակի վերլուծությունը, մեղավորներին պատժելու և արժանիներին խրախուսելու գործընթացը և պնդում ՝ բանակը հենասյունն է մեր պետականության։

Ինչ վերաբերում է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակուցին ԱՄՆ դեսպան նշանակելու խոսակցություններին, Պապյանն ասում է՝ դիվանագիտությունը բարդ գործ է, իսկ Մակունցը չունի այդ փորձառությունը, բայցի այդ ինքը այն իշխանության ներկայացուցիչն է, որին սփյուռքը մերժում է․

«Ով պիտի Մակունցի հետ համագործակցի, երբ սփյուռքի բոլոր կուսակցությունները և կազմակերպությունները արդեն պահանջել են Մակունցի քաղաքական ղեկավարի հրաժարականը»։

Պապյանը համոզված է՝ դեսպան նշանակվելու դեպքում Մակունցը ձախողելու է։

Ինչ վերաբերում է Պաշտպանության նախարարի պաշտոնում Վաղարշակ Հարությունյանի նշանակմանը, Պապյանն ասաց՝ Վաղարշակ Հարությունյանը ռուսների մարդն է եղել և շարունակում է մնալ, իրեն նշանակել են, որ վերահսկի հայկական բանակը։