Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Մտավորականը հարց լուծող չի․ Մարկ Գրիգորյան (տեսանյութ)

Ինչ պետք է անի մշակույթի մարդը, մտավորականն այսօր, հետպատերազմյան ճգնաժամային իրավիճակում հարցին, Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը կես կատակ, կես լուրջ պատասխանում է.

«Նախ ես մտավորական չեմ, և ընդհանրապես մենք մտավորականների վրա չափազանց մեծ ֆունկցիա ենք դնում, սպասում ենք, որ պետք է գա մտավորականը, ասի մեր պապերի խոսքն ու բոլորը համաձայնության գան»:

Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտն այս տարի նշում է երեսուն ամյակը։ Պարոն Գրիգորյանի խոսքով, այս տարիների ընթացքում թանգարանին բավարար ուշադրություն չի դարձվել։ 

«Գործում ենք շատ վատ պայմաններում։ Բավական է միայն պատերին նայեք պարզ կլինի։ Դահլիճները փոքր են և դժվար լուծելի են այն խնդիրները, որ մենք դրել ենք մեր առջև»,- ասում է թանգարանի տնօրենը և նաև նշում, որ չեն սպասում, թե պետությունը ինչ կանի։

Թանգարանը գտնվում է Քաղաքաշինության կոմիտեի ենթակայության տակ և պարոն Գրիգորյանի խոսքով, շատ լավ հարաբերություն ունեն, բայց կոմիտեի հնարավորություններն էլ սուղ են: Այնպես որ իրենք են փորձում ինչ հնարավոր է ձեռնարկեն: 

Ամռանը մեծ ծրագրեր ունեն իրականացնելու։ Ինստիտուտ-թանգարանը գիտական գործեր է կատարում, գրքերի ու պատկերագրքերի հրատարակման վրա են աշխատում, որը բավական ներուժ է պահանջում։ Երեսունամյակին նվիրված, տպագրության են պատրաստում թանգարանի ֆոնդերի կատալոգը։ Փետրվարին կբացվի նոր ցուցադրություն, իսկ թե ինչ ցուցադրություն է, տնօրենի խոսքով անակնկալ կլինի: