Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0134611
A A
Հասարակություն

«Լիցենզավորման մրցույթի վերաբերյալ ՀՌՀ պատասխանները համոզիչ չեն մեզ համար»․ ԽԱՊԿ նախագահ (տեսանյութ)

«2020 թվականը` ամբողջ ընթացքում մեր դիտարկած տարիներից ամենաշատ փորձություններով և լարված տարին էր լրատվամիջոցների և լրագրողների համար», - ասում է  Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

Նրա խոսքով՝ դա պայմանավորված էր տարեսկզբից կորոնավիրուսի հետևանքով արտակարգ դրություն մտցնելով և լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակելով։ Հետո արդեն սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմով ու այդ ընթացքում լրատվամիջոցների գործունեության բազմաթիվ խոչընդոտներով ու բարդություններով․

«Երկու պարագայում էլ՝ թե՛ արտակարգ, թե՛ ռազմական դրությունների ժամանակ Կառավարությունը որոշում մտցրեց, որի բաղկացուցիչ մասը լրատվամիջոցների գործունեության սահմանափակումն էր։ Ամենամտահոգիչն այն էր, որ այդ որոշումների կայացումը դրված էր ոստիկանության վրա  և նրանք էին որոշում, թե որ հրապարակումը կարող է խուճապ առաջացնել, որը ոչ։ Մենք վստահ ենք, որ ոստիկանությունն ամենևին այն մարմինը չէ, որ կարող է որոշել՝ ինչ հրապարակել, ինչ չհրապարակել», - ասաց նա։

2020 թվականին լրագրողների և լրատվամիջոցների իրավունքների խախտումների քանակը մեծ է․ ամփոփելով նախորդ տարվա ցուցանիշները՝ ասաց Աշոտ Մելիքյանը։ Խախտումների ընդհանուր թիվը 273 է․

«Տարվա ընթացքում մենք արձանագրել ենք ֆիզիկական բռնության 6 դեպք՝ 11 տուժողով։ Դրանցից չորսն արձանագրվել են ընդդիմության կողմից կազմակերպած բողոքի ակցիաների ընթացքում։ Երկուսը կապված են պատերազմի ժամանակ հակառակորդի կողմից լրագրողներին թիրախավորելու հետ»։

Ֆիզիկական բռնությունների քանակը 2019-ի համեմատությամբ ավելացել է։ Ավելացել է նաև լրատվամիջոցների և աշխատակիցների հանդեպ ճնշումների թիվը․ 2019-ին գրանցվել էր 134 դեպք, 2020-ին՝ 177։ Մի քիչ նվազել է տեղեկություն ստանալու և տարածելու իրավունքի խախտումը։

2020 թվականին բավականին շատ են եղել նախաձեռնությունները Լրատվամիջոցներին վերաբերող օրենսդրության փոփոխություների նպատակով։ Նրա խոսքով՝ և՛ Կառավարությունում, և՛ Ազգային ժողովում նաև տարբեր նախաձեռնություններ են եղել և դրանք միշտ չէ, որ ողջունելի են եղել լրագրողական հանրության կողմից․

«Ավելին, դրանք ավելի շատ մտահոգություններ են առաջացրել։ Ամենանշանակալին, իհարկե, հեռարձակման ոլորտը կարգավորող «Տեսալսողական մեդիայի» մասին օրենքն է, որ ընդունվեց հուլիսին և այդ նոր օրենքի տրամաբանությամբ անցկացվեցին լիցենզավորման հերթական մրցույթները։ Մենք շարունակում ենք խիստ քննադատորեն մոտենալ այդ օրենքին ու բազմաթիվ հարցեր ունենք անցկացված մրցույթների վերաբերյալ։ Հարցերի պատասխանները, որ հնչել են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից, համոզիչ չեն մեզ համար», - ասաց նա։