Ջերմուկը սպասում է շախմատիստուհիներին
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Ջերմուկում կմեկնարկի ՖԻԴԵ-ի կանանց Գրան-պրիի 4-րդ փուլը:
Հայաստանից մրցաշարին կմասնակցեն գրոսմայստերներ Լիլիթ Մկրտչյանը եւ Էլինա Դանիելյանը: Նրանց մրցակիցները կլինեն չինուհիներ Հու Յիֆանը, Քսյու Յուհուան, Շեն Յանը, բուլղարուհի Անտոանետա Ստեֆանովան, Պիա Կրամլինգը (Շվեդիա), Տատյանա Կոսինցեւան, Բայրա Կովանովան (Ռուսաստան), Մայա Չիբուրդանիձեն, Նանա Ձագնիձեն (Վրաստան), Մարթա Ֆիերոն (Էկվադոր): Նրանցից ամենաբարձր վարկանիշ ունի Հու Յիֆանը: Ապա հաջորդում են Անտոանետա Ստեֆանովան եւ Պիա Կրամլինգը:
Այսօր տեղի կունենա բացման արարողությունը եւ վիճակահանությունը: Առաջին տուրը կկայանա վաղը: Մասնակիցները սկզբում կանցկացնեն 6 պարտիա, ապա կտրվի մեկօրյա հանգիստ, որից հետո կկայանան մնացած 5 տուրերը:
Հայաստանի կառավարությունը մրցաշարն անցկացնելու նպատակով Հայաստանի շախմատային ֆեդերացիային հատկացրել է 30 մլն դրամ։ Ջերմուկի Գրան-պրիի մրցանակային հիմնադրամը կազմում է 40 հազար եվրո (ապրիլին Նալչիկում կայացած Գրան-պրիում այն եղել է 212 հազար), իսկ հաղթողը կստանա 6500 եվրո: Մրցաշարը կավարտվի հունիսի 5-ին: