Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օլիմպիական օր Հայաստանում

Սպորտ

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ Հայաստանում և ԼՂՀ-ում Oլիմպիական օրվա շրջանակում հունիսի 26-ին կանցկացվեն բազմազան միջոցառումներ: Այդ մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը:

Ավանդույթի համաձայն ամենամասսայականը կլինի վազքարշավը, որը կմեկնարկի առավոտյան ժամը 10:00-ին, Երեւանի Հանրապետության հրապարակից: Դրան մասնակցելու համար հրավիրվել են 13-ից բարձր տարիքի վազքասերներ, այդ թվում նաեւ սայլակավոր մարզիկներ:

Երթուղին կձգվի Հանրապետության հրապարակ - Ամիրյան փողոց - Մաշտոցի պողոտա - ստորգետնյա անցում - «Հաղթանակի» կամուրջ - «Հրազդան» մարզադաշտի հարավային հրապարակ ուղղով: Յոթ տարիքային խմբով անցկացվող վազքարշավի հաղթողները եւ մրցանակակիրները կստանան ՀԱՕԿ -ի պատվոգրեր, դրամական մրցանակներ, իսկ մասնակիցները` ՄՕԿ-ի հավաստագրեր ու մարզաշապիկներ:

Նշենք, որ ամեն տարի հունիսի 23-ը համարվում է միջազգային Oլիմպիական օր, քանի որ 1894 թ նույն օրը հիմնադրվել է ՄՕԿ-ը: Այդ օրը աշխարհի բոլոր երկրներում
կազմակերպում են բազմաթիվ մարզամշակութային միջոցառումներ (ազգային օլիմպիական կոմիտեներն այն կարող են անցկացնել մեկ շաբաթվա տարբերությամբ): Հավելենք, որ այս տարվա երեւանյան վազքարշավը նվիրված կլինի Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հիմնադրման 20-ամյակին: