Ծանրամարտիկ Արմեն Ղազարյանին խոշտանգողները կմնան կալանքի տակ
Աջակցիր «Ա1+»-ինՔիչ առաջ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Մաթեւոսյանը որոշեց կալանքի տակ թողնել ծանրամարտիկ Արմեն Ղազարյանին եւ նրա ծանոթ Վլադիմիր Օհանյանին խոշտանգողներին։
Այս մասին «Ա1+»-ին ասաց տուժող Արմեն Ղազարյանի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը։
Հիշեցնենք՝ նախորդ տարվա սեպտեմբերի 6-ին՝ ժամը 1.00-ին, ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Գրիգոր Մխիթարյանը, օպերլիզորներ Նարեկ Բարսեղյանը եւ Տիգրան Ավանեսյանը Վլադիմիր Օհանյանին եւ նրա ծանոթ Արմեն Ղազարյանին բերման են ենթարկել ոստիկանության բաժին եւ խոշտանգել՝ կատարած արարքների համար պատժելու նպատակով։
Պաշտպանական կողմը միջնորդել էր փոխել երեք ամբաստանյալների խափանման միջոցը, իսկ Տիգրան Ավանեսյանի համար առաջարկվել էր նաեւ գրավ՝ 1 մլն դրամի չափով։
Խոշտանգումից հետո Արմեն Ղազարյանը ստացել էր բազմաթիվ կոտրվածքներ եւ կապտուկներ։ Նա ոստիկանների ուշադրության կենտրոնում էր հայտնվել այն բանից հետո, երբ փորձել էր պարզել, թե ինչու են իր ծանոթին բերման ենթարկում։ Խոսքը կենցաղային մի պատմության մասին է: Նոր Նորքի ոստիկաններից մեկի կինը տոնական փուչիկներ էր վաճառել Վլադիմիր Օհանյանի կնոջը, վերջինս դժգոհել էր ծառայությունից։