Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պետք է լինի առանց նախապայմանների․ Միքայել Մելքումյան (տեսանյութ)

«Նիկոլ Փաշինյանի կողմից որևէ հարցադրման կոնկրետ պատասխան չի տվել»,-այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամին հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով Կառավարություն-Ազգային ժողով երեկվա հարցուպատասխանին։

Տոնոյանը պնդեց՝ իրենց հարցերին հստակ պատասխաններ տալու փոխարեն վարչապետը որդեգրել էր մեղադրանքներ հնչեցնելու գործելաոճը և օգտագործում էր բացառապես նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի ստորագրման ամբողջ պատասխանատվությունը բոլորի վրա դնելու գործելաոճը։

Տոնոյանը առանձնացրեց նաև վարչապետի այն միտքը, թե առանց հողային պակաս կորուստների հնարավոր չէր կանգնեցնել պատերազմը, պնդեց՝ եթե առանց հողային պակաս կորուստների հնարավոր  չէր կանգնեցնել պատերազմը, ապա մարդկային ավելի պակաս կորուստներով հնարավոր էր կանգնեցնել․

«Այսօր խոսվում է 5000 զոհի մասին, և սա դեռ հստակ չէ, տասնյակ հազարավոր երիտասարդներ հաշմանդամության տարբեր աստիճաններ ունեն, 40․000 անձինք կորցրել են իրենց բնակարանները, և այսօր վարչապետը Ազգային ժողովի ամբիոնից խոսում է Շուշիի ադրբեջանամետ խոսույթին համապատասխան եզրույթներով։ Եթե նախկինում վարչապետը հայտարարում էր, որ Շուշին դժգույն ու դժբախտ քաղաք էր, ապա չեմ կարծում՝ որևէ լուրջ ակնկալիք պետք է ունենալ այս իշխանություններից Շուշիի և Արցախի վերաբերյալ»։

«Ա1+»-ի հարցին ի պատասխան՝ ԲՀԿ պատգամավոր Շաքե Իսայանն անդրադարձավ 17 ուժերի միջև հնարավոր պառակտմանը և ԲՀԿ-ի՝ առանձնանալու մասին լուրերին։ Պնդեց՝ ընդդիմադիր ուժերի մեջ որևէ պառակատում չկա․

«Ես կարող եմ վստահ ասել՝ որևէ տարաձայնություն 17 ուժերի ներսում չկա, 17 ուժերը հստակ իրենց հայտարարություններով հանդես են եկել, որ սկսում են մարզային հանդիպումներ»։

Իսայանը պնդեց՝ Նիկոլ Փաշինյանը պետք է անցնցում հրաժարական տա և հեռանա, որից հետո ՀՀ-ն պետք է կայունացնի իրավիճակը և ուղղի իր կոտրված մեջքը։

Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի կողմից Վազգեն Մանուկյանին քննադատելուն՝ «բոմժ» արտահայտության հետ կապված, Իսայանն ասաց՝ իրենց կուսակցության դիրքորոշումն է, որ ՀՀ քաղաքացիներին չի կարելի վիրավորել  որևէ դեպքում։

Արտահերթ ընտրություններ անցկացնելու հուշագիր ստորագրելու վարչապետի առաջարկի վերաբերյալ ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն ասաց․

«Երկրում ստեղծվել է մի իրավիճակ, որ Կառավարության ղեկավարը ամբողջ կազմով պետք է հրաժարական տար և գնար, Կառավարության փոփոխությունը մեր Սահմանադրությամբ լինում է այնպես, որ վարչապետը հրաժարական է տալիս, եթե խորհրդարանը երկու անգամ նոր վարչապետ չի ընտրում, ապա ինքնալուծարվում է, և 50 կամ 55 օրվա ընթացքում նշանակվում են արտահերթ ընտրություններ։ Մենք ասում ենք, որ այս փուլում արտահերթ ընտրություններ անցկացնելը հղի է անկայունության խորացմամբ, դրա համար ասում ենք՝ տուր հրաժարական առանց նախապայմանների»։

Ըստ Մելքումյանի՝ այլ հարց է, որ վարչապետը վստահ չէ, որ քաղաքական մեծամասնությունը խորհրդարանում  այլ թեկանծուի չի ընտրի նոր վարաչպետ։

Շաքե Իսայանն էլ հավելեց, որ որևէ մտավախություն չունեն ընտրություններում ձայներ հավաքելու հետ կապված․

«Պարզապես ես չեմ հասկանում՝ ինչպես ենք գնալու անցկացնենք քարոզարշավ, երբ մարդիկ այսօր փնտրում են իրենց երեխաներին, ես չգիտեմ այդ ծնողներին իմ խոսքը ինչպիսին է լինելու, եթե այս իշխանությունները գտնում են, որ տաք շիրիմների առկայության պայմաններում հնարավոր է քարոզարշավ իրականացնել,ապա դա իրենց դիրքորոշումն է»։