Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Անփոխարինելի մարդիկ կան. Զավեն Սարգսյանի հիշատակին (տեսանյութ)

Ասում են անփոխարինելի մարդ չկա: Կա իհարկե, և նրանցից մեկն էր Սերգեյ Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը, որի անմիջական ջանքերով հիմնադրվեց այսօր Երևանի այցեքարտերից դարձած թանգարանը, ու որի շնորհիվ Թբիլիսիից Երևան տեղափոխվեցին վարպետի համաշխարհային համբավ վայելող կոլաժները, գծանկարները, ֆիլմերի համար արված էսքիզները, փարաջանովյան հայտնի տիկնիկներն ու գլխարկները, Թիֆլիսի տան կահ-կարասին ու անձնական իրերը

Այս տարի թանգարանը կնշի 30-ամյա հոբելյանը, բայց ավաղ, առանց իր հիմնադրի: «Այս երեսուն տարիների ընթացքում առաջին անգամ Փարաջանովի ծննդյան օրը սեղան չբացեցին և հարիսա չհյուրասիրեցին»,- ասում է թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մարիաննա Մխիթարյանը: Նրա խոսքով, դժվար է համակերպվել այն մտքի հետ, որ Զավեն Սարգսյանն իրենց կողքին չէ, ով իրենց համար ոչ միայն տնօրեն էր, այլև ընկեր ու խորհրդատու:

Հիմա աշխատում են շարունակել նրա անավարտ  աշխատաքները: Գարնանը լույս կտեսնի «Ով էր Փարաջանովը» վարպետի մասին հայտնի մարդկանց հիշողությունների գիրքը: Նաև  «Նռան գույնը» ֆիլմի հիման վրա պատկերագրքի վրա աշխատանքները ավարտին կհասցնեն:

Իսկ սեպտեմբերի 21-ին նախատեսում են կազմակերպել Զավեն Սարգսյան վավերագրողի լուսանկարչական գործերի բացօթյա ցուցահանդես: