Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Արման Թաթոյանը՝ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների մասին (տեսանյութ)

Այսօր հրավիրված ասուլիսում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն անդրադարձավ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների խնդրին։ Նա նախ հիշեցրեց ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցչի նամակի մասին՝ ուղղված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, որի կիզակետում եղել է Շիրակից 62 զինծառայողների հարցը.

«Նշված էր, որ իրենք իրականացրել են ՊՆ-ի և անվտանգության ծառայության հակաահաբեկչական համատեղ միջոցառում, որի արդյունքում հայտնաբերել են 62 զինառայող, նրանք, իրեց ձևակերպմամբ, գլխավորապես Շիրակի մարզից են, նրանք կալանավորված են, նրանց նկատմամբ իրականացվում են քննչական վարույթներ, նշվում է, որ նրանք Հայաստանից ուղարկվել են Ադրբեջանի Լաչինի շրջան, Ադրբեջանի զինծառայողների և քաղաքացիական անձնանց դեմ ահաբեկչական գործողություններ անելու համար»։

Թաթոյանի խոսքով՝ երբ այդ նամակը ուսումնասիրում ենք, շատ հեշտ պատկերացում ենք կազմում Ադրբեջանի փոփոխված քաղաքականության մասին՝ հայ գերիների հետ կապված։ ՄԻՊ-ը շեշտում է՝ Ադրբեջանը ակնհայտ քաղաքականացնում է հարցը, ինչն անթույլատրելի է հետպատերազմական այս փուլերում․

«Միջազգային պահանջների համաձայն՝ ռազմագերիները կամ քաղաքացիական գերիները պատերազմական գործողությունների դադարից հետո պարտադիր պետք է ազատ արձակվեն և վերադարձվեն, նրանց նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելն արգելվում է, նրանց կալանավորումը կամ ձերբակալումը համարվում է պատիժ և արգելվում է, ավելին՝ այս հարցերի ձգձգումը համարվում է պատերազմական հանցագործութուն»։

Թաթոյանի խոսքով՝ եթե նույնիսկ այս պահանջն արձանագրված չլիներ եռակողմ համաձայնագրով, իրենք իրավունք չունեին գերիներին չփոխանակելու կամ չվերադարձնելու, հետևաբար՝ այս հարցն առնչություն չունի սահմանների և այլ հարցերի հետ․

«Իրենք ձերբակալել են մեր տղաներին և վերադարձման գործընթացը փորձում են ձգձգել, իրականացնում են իրավական գործընթացների բացահայտ չարաշահում, որովհետև փորձ են անում ակնհայտ քողարկել ձգձգումները և նրանց վերադարձի հարցերը»։

Ադրբեջանական կողմի պահվածքը հակասում է եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերի մտադրություններին․ «Հարց է առաջանում՝ Հայաստանը փոխանցեց չէ՞ Քարվաճառում սպանություն կատարած և Արցախի իրավասու դատարանի կողմից դատապարտված երկու անձանց, նույնն էլ Ադրբեջանը ֆորմալ այնտեղ դատապարտված անձին փոխանցեց մեզ, այլ հարց է՝ ճիշտ էր դա, թե ոչ, հետևաբար ակնհայտ է, որ այս մոտեցումը հակասում է անգամ կողմերի մտադրություններին»։