Պատերազմի վերքերը՝ բաց եւ ցավեցնող
Աջակցիր «Ա1+»-ինՆարեն
«Կռիվը․․․ երբ թուրքն ու հայը կռվում են։ Քնել ենք, արթնացել, տեսել՝ կռիվ է ընկել»,- բակի վառելափայտին հենված՝ 7-ամյա Նարեն պատմում է՝ ինչպես են ապրել պատերազմի օրերին տան նկուղում, հետո տեղափոխվել Սիսիան, ապա վերադարձել հայրենի Ճարտար՝ եռակողմ հուշագրի ստորագրումից հետո։
Կռվի ժամանակ ամենավատ բանը մարդկային կորուստներն են,- ասում է Նարեն։ Հաջորդ հարցն ակամա եմ տալիս, ու քիչ անց արդեն ափսոսում․
-Դու կորցրե՞լ ես․․․
-Պապայիս,- շշնջում է Նարեն։
Կիսակառույց տան խոհանոցում նրա քույրը սուրճ է պատրաստում, հարեւան սենյակից ձայներ են գալիս, որոնք ժամանակ առ ժամանակ ուղեկցվում են հեծկլտոցով։ Սենյակի պատին 41-ամյա զինվորական Ալյոշա Գրիգորյանի նկարն է ու գլխարկը։ Կյանքի 14 տարին բանակին նվիրած զինվորականը զոհվել է հոկտեմբերի 29-ին Մարտունիում։
Կինը՝ 38-ամյա Գյուլնարան, ամուսնու կորստի ցավը սրտում՝ փորձում է ուժ գտնել եւ մտածել երեք երեխաների ապագայի մասին։ Որդին ու ավագ դուստրը ծանր են տանում հոր կորուստը․ նույնիսկ պապն ու հորեղբայրն են դժվարանում սփոփել հատկապես տղային։
Ամենափոքրը՝ Նարեն, հայրիկին շատ է կարոտում ու այդ կարոտը հանձնում թղթին․ նրա նկարներոմ գույները, սակայն, սեւ ու մոխրագույն չեն։ Բնություն եմ սիրում նկարել, -ասում է Նարեն, որն ուզում է նկարչուհի դառնալ։
Նկարչական նոր ալբոմի թերթերը մի քանի օր առաջ է գունավորել․ կարմիր վարդեր է նկարել։ Ասում է՝ կարմիր գույնն է ամենից շատ սիրում, բայց չգիտի՝ ինչու։
Գրիգորյանենց տան պատուհանից երեւացող սարի հետեւում արդեն ադրբեջանցին է։ Մութն ընկնելուն պես Գյուլնարան անհանգստանում է․ «Վախում եմ, եթե ադրբեջանցիք անտառով գան, առաջինը մեր տունն է»։
Իրենք Ճարտարում մեկ տարի առաջ են հաստատվել․ ազգականներն ապրում են այլ համայնքում։
Մոնթեի քույրը
Մոնթեն էլ չի վերադառնալու։ Սոսում բնակվող 11-ամյա Ջուլիետան եղբոր մասին արդեն անցյալով է խոսում։ Նրա քույրերը 17-ամյա Աննան եւ 16-ամյա Նարեն, լուռ են․ բառեր պետք չեն հասկանալու նրանց վիշտը․ ամեն ինչ նրանց հայացքում է։
Մոնթե Մելքումյանն ընդամենը 19 տարեկան էր․ զոհվել է հոկտեմբերի 24-ին՝ կռվի թեժ պահերին։ Սկզբում չեն ասել, որ Մոնթեն զոհվել է։ Ասել են՝ վիրավոր է։ «Այդ օրը, որ իմացանք վիրավոր է՝ այնքան լաց եղանք, բայց մտածեցինք, եթե վիրավորվել է՝ ուրեմն կռվից կփրկվի, որովհետեւ էս կռիվ չէր, ցեղասպանություն էր»,- ասում է Ջուլիետան։
Ընդամենը 11 տարեկան աղջիկը թվարկում է պատերազմը տանուլ տալու պատճառները․ «Մեզ տեխնիկա չունեինք, որ կռվեինք։ Բոլոր մեծերը փախչում էին․ այդ հետախուզության մեծը՝ գնդապետ էր, թե չգիտեմ ինչ, ինքն էլ փախել էր, ասում էր՝ ինձ տուն ունեմ, ինձ ընտանիք ունեմ, բայց չէր հասկանում, որ մնացածն էլ ունեն, որ պիտի պահեն հողը, որ մնացածի երեխաներն էլ մեծանան ու իրենց ուզածին հասնեն»։ Ջուլիետա Մելքումյանը երազում է ծրագրավորող դառնալ, որպեսզի «տեխնիկա ունենանք»։
Ասում է՝ պատերազմի ավարտը եւ ուրախացրել, եւ տխրեցրել է։ Ուրախացել է, որ էլ զոհեր չեն լինի, տխրել, որ «այսքան զոհեր եղան, հետն էլ տարածք հանձնեցինք»։ Նրան հիմա հեշտ չի ուրախացնելը, բայցեւ․ «Որ ասեն՝ կռիվ չի լինի, որ ասեն՝ մարդ չի զոհվի»,- ներկայացնում է՝ ինչն իրեն ամենաշատը կուրախացնի։
Արդյո՞ք պատերազմը ժամանակից շուտ մեծացրեց․ Ջուլիետան վստահեցնում է՝ ինքը միշտ է իր մտքերով առանձնացել հասակակիցներից, բայց․ «Ինչ որ մարդ չկա, որ այս կռիվը տեսներ ու լուրջ չդառնար»։
Վիկտորյան
«Կռիվը սկսվել է, մեր գյուղը գրավել են, մենք եկել ենք այստեղ»,- պատերազմը փոխել է 10-ամյա Վիկտորյա Համբարձումյանի տան հասցեն, դպրոցը։ Իրենց տունը Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղում էր։
Հիմա ապրում են Սոսում՝ քեռու տանը, իսկ 23-ամյա քեռին չկա․ կյանքը նվիրեց հայրենիքին։ «Ամենաշատը կուզեի, որ իմ քեռին չզոհվեր»,- ասում է 10-ամյա աղջիկն ու արտասվում։
Հրանտը
Ստեփանակերտի 2-րդ դպրոցը օրվա երկրորդ կեսին վերածվում է այլ ուսումնական հաստատության։ Շուշիի Ագրարարային քոլեջի ուսանողները դասերն անց են կացնում այստեղ։ Հրանտ Բաբալյանը 16 տարեկան է։ Շուշին ադրբեջանական վերահսկողության տակ անցնելուց հետո կորցրել են ամեն ինչ։ Հիմա բնակվում են Ստեփանակերտում՝ հորեղբոր տանը։
Դասընկերները չեն փոխվել, ուսուցիչները նույնն են, բայց արդեն ամեն ինչ այլ է, իսկ ապագան՝ անորոշ։ «Դեռ բան չունեմ պլանավորված, ինչ ունեի՝ մնացել է կիսատ, պլանավորել էի, որ հայրական տունս պահեի, սերունդս մեծանար Շուշիում, հիմա էլ պլաններ չունեմ ապագայի հետ կապված»,- տխուր ասում է Հրանտը։
Ես իմացա՝ դուք Ձմեռ պապի գրասենյակից եք. շուշեցի փոքրիկ
Ստեփանակերտի թիվ 10 դպրոցի մոտ տեսնելով տեսախցիկով անծանոթների՝ երկու տղաները, իրար հետ ինչ-որ բան քննարկելուց հետո, մոտենում են եւ խնդրում իրենց լուսանկարել։
Ստեփանակերտցի Դավիթն ու շուշեցի Ֆելիքսն են, որոնք ընկերակցել են, երբ պատերազմից հետո հայտնվել են նույն դասարանում։
Ֆելիքսն ասում է, որ կարոտում է իր նախկին դպրոցն ու ընկերներին, որոնց մեծ մասն հիմա Երեւանում են։ Երեք եղբայր ունի Ֆելիքսը, եւ ընտանիքով բնակվում են հյուրանոցում։ Տղաները, հրաժեշտ են տալիս, ու գնում։ Բայց կրկին մոտենում են։
«Ես իմացա` դուք Ձմեռ պապի գրասենյակից եք»,- անսպասելիորեն ասում է Ֆելիքսը։ Հետո պատմում են՝ ինչ են ուզում Ձմեռ պապից։
«Ես ուզում եմ Բարսելոնի ֆորմա, Մեսսի ֆորմա»,- ասում է Ֆելիքսը, իսկ Դավիթը հավելում․ « Ես էլ մեքենա, պուլտով մեքենա»։ Իրենց ցանկությունների մասին բարձրաձայնելուց հետո տղաները հեռանում են ու քիչ անց բղավում․ «Մենք հինգերորդ դասարանից ենք»։
Ուսուցչուհին այլեւս երկուս չի նշանակում
Ստեփանակերտի թիվ 10 դպրոցի բակում մեծ փոս է․ պատերազմը հետքն է, որն ավելի ակնառու է դառնում ներս մտնելուց հետո։ Դպրոցը գրեթե ամբողջովին ավիրվել է ռմբակոծությունից հետո։ Բայց որոշել են դպրոցը չփակել․ կանգուն մնացած մասնաշենքում 19 դասասենյակ են բացել եւ սկսել դասերը։ 1000-ից ավելի աշակերտ է հաճախում դպրոց՝ երկու հերթով։
Նախադպրոցական կրթություն, սակայն, այս պայմաններում հնարավոր չէ իրականացնել․ մնացել են հիշողությունները․ ավերակների մեջ գունավոր նստարաններ են, խաղալիքներ։ Մինչ պատերազմը նախադպրոցական վեց խումբ են ունեցել՝ 174 սան։
Դպրոցի տնօրեն Անահիտ Հակոբյանն ասում է՝ սովորականի պես աշակերտները գալիս են դպրոց, բայց․ «Ցանկացած աղմուկից, բարձր ձայնից, վեր են թռնում։ Բոլոր երեխաները վախեցած են»։
Չնայած երեխաների մեծ մասը պատերազմի առաջին օրերին տեղափոխվել է Հայաստան, այնուամենայնիվ, ցանկացած անսովոր աղմուկ երեխաների մոտ անհանգստություն է առաջացնում։
Նոնա Միրզաջանյանը ռուսաց լեզվի եւ գրականության ուսուցչուհի է․ պատերազմից հետո դասավանդում է Ստեփանակերտի թիվ 10 դպրոցում։ Նա Հադրութից է, որը մնացել է ադրբեջանական վերահսկողության տակ։
« Մենք հիմա այլ կերպ ենք ամեն ինչ ընկալում։ Ես միշտ եղել եմ խիստ ուսուցիչ․ այն ինչ արել եմ մինչ պատերազմը․ այդ հիմա անել չեմ կարող եւ չեմ ցանկանում։ Չեմ ցանկանում նկատողություն անել, չեմ ցանկանում դնել երկուս՝ չկատարված տնային աշխատանքի համար։ Այն, ինչի միջով անցել են այս երեխաները եւ անցել ենք մենք, շատ դժվար է լինելու մոռանալ, եւ հնարավոր է երբեք չմոռանանք»,-ասում է նա։
Այս օրերին փորձում է ոչ միայն գիտելիք տալ իր աշակերտներին, այլեւ օգնել դուրս գալ հոգեբանական ծանր վիճակից․ կան երեխաներ, որոնք հարազատ են կորցրել, տուն։
Ավելի մեծ ջանքեր են անհրաժեշտ դասարան մտնելիս, որպեսզի 45 րոպեների ընթացքում երեխաները մոռանան այն, ինչ տեղի է ունեցել ընդամենը ամիսներ առաջ։ Նոնա Միրզաջանյանի համար էլ հեշտ չէ․ ճիշտ է համարում, որ նաեւ ուսուցիչները ստանան հոգեբանական աջակցություն։
«Ես ինձ, իրոք, զգում եմ առանց հայրենիք։ Ստեփանակերտի հետ կապը միշտ եղել է։ Բայց իմ փոքր հայրենիքը Հադրութն է, որտեղ մնաց ամեն ինչ։ Խոսքը տների, ունեցվածքի մասին չէ։ Այնտեղ մեր մանկությունն է, հիշողություններն են, հորս գերեզմանն է»,-ասում է նա։
26 տարվա աշխատանքային փորձառությամբ ուսուցչուհին շատ է կարոտում Հադրութի իր աշակերտներին, որոնց հետ մշտապես կապ է պահպանում։ Այս դպրոցում նորեկ աշակերտների մեջ չկան այնպիսիք, որոնց ինքը դասավանդել է Հադրութում։
«6300 երեխա մնացել են առանց դպրոցի, առանց իրենց ուսուցիչների»
«Որպես Կրթական համակարգը ներկայացնող առաջին դեմք ինձ համար ծանր է երեխաներին ապացուցել, որ կա արդարություն»,- ասում է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը։
Ըստ նրա՝ 21-րդ դարում Արցախում տեղի է ունեցել կրթական իրավունքի կոպիտ խախտում։ Պատերազմի հետեւանքով կրթության իրավունքից զրկվել են 23978 դպրոցական եւ 4036 նախադպրոցական տարիքի երեխաներ:
Նրանց մի մասը հաճախել է հայաստանյան դպրոցներ, մի մասը վերադարձել է Արցախ, բայց իրավունքն ամբողջովին վերականգնված չէ․ «6300 երեխա մնացել են առանց դպրոցի, առանց իրենց ուսուցիչների»։
Ըստ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի՝ սեպտեմբերի 27-ից սկսված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում վնասվել է առնվազն 71 դպրոց, 14 մանկապարտեզ՝ չհաշված ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող՝ Արցախի Հանրապետության համայնքների դպրոցներն ու մանկապարտեզները, որոնց զգալի մասի վիճակի վերաբերյալ տեղեկություններ չկան:
Արցախում մինչ պատերազմը գործել է 220 դպրոց, այս պահին դրանց թիվը 102-ն է։
Ադրբեջանի հրթիռային հարվածներից, հրետակոծություններից և ԱԹՍ-ներից (ներառյալ թուրքական «Բայրաքթար») զոհվել է 1 եւ վիրավորվել 9 երեխա:
Մասնագիտությամբ հոգեբան Լուսինե Ղարախանյանն ասում է, որ հատկապես բնակավայրերից զրկված աշակերտները այս պահին «սուպեր սթրես են ապրում»։
Իբրեւ հոգեբան բացատրում է, որ «հայրենազրկումը երեխաների մոտ կարող է էմոցիոնալ շերտից տեղափոխվել ֆիզիոլոգիական շերտ եւ առաջ բերել հիվանդություններ»։
195 բնակավայր անցել է Ադրբեջանի Հանրապետության հսկողության տակ։
«Մենք ունենք երեխաներ, որոնք հագուստ չունենալու պատճառով դպրոց չեն գնում»,- նշում է նախարարը՝ վստահեցնելով իրենք աստիճանաբար լուծում են այս հարցը, բայց․ « Սթրեսը, որն ապրում է երեխան, չի համապատասխանում իր տարիքին»։
Արցախի ԿԳՄՍ նախարարն ասում է՝ ծրագրեր են մշակում՝ երեխաներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար։ Դրանք կսկսեն հունվարից եւ առաջին հերթին կվերապատրաստվեն ուսուցիչներն ու դաստիարակները։
Ի դեպ, Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները հոգեբանական աջակցություն են ցուցաբերել Ստեփանակերտի համալսարանի ուսանողներին՝ դասընթաց կազմակերպելով։
Տագնապ եւ անքնություն
Հոգեբան Լիլիթ Ղավալբաբունցը երկու ամիս աշխատել է Երեւանում ժամանակավորապես հաստատված արցախցի երեխաների հետ։ «Հիմնականում երեխաների մոտ նկատվում էին տարբեր տեսակի վախեր, տագնապներ , սոցիալականացման խնդիրներ։ Նրանց համար դժվար էր նոր միջավայր մտնելը, նոր ընկերական հարաբերություններ ձևավորելը»,- ասում է «Կանա» հոգեբանական կենտրոնի ներկայացուցիչը։
Որպեսզի երեխան կարողանա դուրս գալ տվյալ իրավիճակից, նրա խոսքով՝ շատ կարևոր է շրջապատող մարդկանց վերաբերմունքը, այսինքն՝ պետք է ավելի համբերատար լինել, հասկանալ և աջակցել երեխային։ Իսկ պատերազմի հետեւանքով այլ դպրոց տեղափոխված աշակերտների դեպքում ուսուցիչների հոգեբանական աջակցությունը առավել քան կարեւոր է․ «Մանկավարժը մինչև երեխայի դասարան մտնելը պետք է այնպես անի,որ դասարանի երեխաները անհամբեր սպասեն իրենց նոր դասընկերոջը։ Այս պարագայում երբ որ երեխան զգա ինչ մեծ ոգևորվածությամբ են նրան դիմավորում, ավելի հեշտ կադապտացվի նոր միջավայրին»։
Ի դեպ, 44-օրյա պատերազմի սկզբում՝ հոկտեմբերի 7-9-ը Save the children միջազգային կազմակերպության փորձագետները ուսումնասիրություն են իրականացրել Գորիսի տարածաշրջան տեղափոխված արցախցի երեխաների շրջանում։ Նրանց մոտ արձանագրվել է տագնապ, դեպրեսիա, անքնություն։
«Ոնց որ արցախցին որպես մարդ աշխարհի համար գոյություն չունի»
Պատերազմից հետո առաջին անգամ 36-ամյա Սիրանույշ Սարգսյանը բացում է Սոս գյուղի հայրական տան դռները։ Մայրն ու քույրը դեռ Երեւանում են, գարնան են վերադառնալու։ Ինքը Ստեփանակերտում է բնակվում․ եկել է հայրենի գյուղ՝ հոր գերեզմանին այցի, միաժամանակ էլ ստուգում է՝ արդյոք ամեն ինչ կարգին է տանը։ «Իրականում մի քիչ դժվար էր, որովհետեւ ես երբեք տան դուռը չեմ բացել․ միշտ ընտանիքիս անդամներն են ինձ դիմավորել, իսկ հիմա տանը ցուրտ էր, մարդ չկար»,-ասում է նա։
Սիրանուշ Սարգսյանն աշխատում է Արցախի Ազգային ժողովի Կրթության, Գիտության, Մշակույթի Սպորտի, եւ Երիտասարդության հարցերի հանձնաժողովում որպես գլխավոր մասնագետ։ Երեխաների հետ աշխատանքը դպրոցից է սկսել․ նա 3,5 տարի աշխատել է որպես ուսուցչուհի։
Կրթական փորձագետը շատ արագ լեզու է գտնում երեխաների հետ, զրուցում նրանց հետ տարբեր թեմաներից, զսպում արցունքները, երբեմն երեխաների պատմություններից հետո արտասվում։
«Ես գիտեմ՝ իրենք չեն մոռանա սա։ Ես իրենց մեջ տեսնում եմ ինձ փոքր ժամանակ եւ տեսնում եմ իրենց 15-20 տարի հետո մեծացած։ Ցավոք, իրենք չեն մոռանալու սա ամբողջ կյանքի ընթացքում»,- ասում է Սիրանուշը։ Այդ է պատճառը, որ առաջին հրետակոծությունից հետո առաջին պատերազմը տեսածները որոշել են իրենց երեխաներին ուղարկել Հայաստան, որ չզգան այն, ինչ իրենք զգացել են 90-ականներին որպես դեռահաս՝ մնալով պատերազմի գոտում։
Դեռ իրենց համար, Սիրանուշի խոսքերով, ավելի հեշտ էր, քանի որ Արցախը հաղթել էր, իսկ հիմա մարդկային կորուստներին եւ հոգեբանական ցավին գումարվել է նաեւ տարածքների կորուստը։
Մեծահասակների համար է անգամ անտանելի այդ հոգեբանական ցավի բեռը։ Սիրանուշը, որը պատերազմի օրերին Երեւանում արցախցի կանանց եւ երեխաների հետ մասնակցել է տարբեր դեսպանատների մոտ բողոքի ակցիաներին, ասում է՝ պահպանվում է դառը զգացողությունը, որը աշխարհը քեզ անտեսել է․ «Ոնց որ արցախցին որպես մարդ գոյություն չունի, ոնց որ Արցախը աշխարհի քարտեզի վրա չկա»։
Նման զգացողությունները ունեցել է նաեւ մինչեւ պատերազմը, երբ դիմել է կրթական ծրագրերի եւ միջազգային սեմինարների, սակայն ստացել մերժում, որ չճանաչված հանրապետության քաղաքացի է, չնայած անձնագիրը Հայաստանի Հանրապետության է։
Նա ուզում է, որ փոքրացած Արցախում այսօր մեծացող սերունդն այդ չզգա։
Կարինե Ասատրյան