4 ֆուտբոլիստ փախել են
Աջակցիր «Ա1+»-ինՀԱՀ-ում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակից Կորեայի ժողովրդա-դեմոկրատական Հանրապետության հավաքականի 4 խաղացողներ լքել են թիմի մարզաբազան եւ հեռացել անհայտ ուղղությամբ: Այդ մասին տեղեկացնում է հարավկորեական Ilgan Sports թերթը: Դրանք են դարպասապահ Կիմ Մյոն Գիլը, կիսապաշտպաններ Կիմ Կյոնգ Իլը, Պակ Սուն Հյոկը եւ հարձակվող Ան Չոլ Հյոկը:
Ըստ թերթի տվյալների`Բրազիլիայի հետ խաղին ԿԺԴՀ-ի հավաքականը 23 ֆուտբոլիստի փոխարեն հայտավորել է 19 խաղացողի եւ որ թիմի գլխավոր մարզիչ Կիմ Յոնգ Հունը ՖԻՖԱ-ի ներկայացուցչին չի կարողացել հիմնավոր բացատրություն տալ, թե ինչու են նրանք բացակայում եւ այդ պահին որտեղ են գտնվում: Ըստ լրատվամիջոցի` այդ ֆուտբոլիստները դիմել են փախուստի, որպեսզի այլեւս չվերադառնան հայրենիք, որտեղ տիրում է Կիմ Չեն Իրի բռնապետական ռեժիմը: Հավելենք, որ ԿԺԴՀ-ի ֆուտբոլի ֆեդերացիան արգելել է հավաքականի գլխավոր մարզչին անցկացնել մամուլի ասուլիսներ թե խաղերից առաջ, եւ թե հետո:
Սակայն ՖԻՖԱ-ն արդեն պաշտոնապես հայտարարել է, որ այդ լուրը չի համապատասխանում իրականությանը, եւ որ թյուրիմացությունն առաջացել է խաղի արձանագրության սխալ լրացման պատճառով:
Նշենք, որ ԿԺԴՀ-ի հավաքականը իր առաջիկա խաղը կանցկացնի հունիսի 21-ին, Պորտուգալիայի ընտրանու հետ: