Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարադոնան կրկին կմրցի Հու Չժուն Մունի հետ

Սպորտ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 7-րդ օրվա ծրագիրը կբացվի 2-րդ խմբի Ագենտինա - Հարավային Կորեա մրցավեճով: Այն կսկսի Երեւանի ժամանակով 16:30-ին:

Սա կլինի թիմերի երրորդ հակամարտությունը: Հարկ է նշել, որ երկու հավաքականներն արդեն մեկ անգամ հանդիպել են աշխարհի առաջնության շրջանակում: 1986 թ կայացած խաղում Արգենտինայի հավաքականը 3:1 հաշվով հաղթել էր Հարավային Կորեային: Ի դեպ, արգենտինացիների ներկայիս գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնային այդ խաղում հսկելիս է եղել հենց հարավկորեացիների ներկայիս գլխավոր մարզիչ Հու Չժուն Մունը:

Հաշվի առնելով 1-ին տուրում թիմերի ցույց տված ֆուտբոլը, բացի այդ այն, որ վնասվածքի պատճառով խաղին չի կարող մասնակցել արգենտինացիների առանցքային կիսապաշտպան Վերոնը, մասնագետների մեծ մասը կանխագուշակում են ոչ-ոքի արդյունք:

Օրվա երկրորդ խաղում միմյանց կհանդիպեն 2-րդ խմբի երկու անհաջողակները` Նիգերիայի եւ Հունաստանի հավաքականները (սկիզբը` 19:00-ին): Այս թիմերը նույնպես նախկինում հանդիպել են միմյանց հետ նման մակարդակով: 1994 թ աշխարհի առաջնությունում նիգերիացի ֆուտբոլիստները 2:0 հաշվով հաղթել էին հույն խաղացողներին:

Ինչպես տեղեկացնում են վիճակագիրները, Հունաստանի ընտրանին այս տարի դեռեւս հաղթանակ չի տարել, իսկ Նիգերիայի հավաքականն աշխարհի առաջնություններում հաղթել է միմիայն եվրոպական թիմերին: Ելնելով այդ փաստերից, ինչպես նաեւ այն բանից, որ մրցաշարն անցկացվում է Աֆրիկայում, մասնագետները հաղթանակ են տալիս Նիգերիայի հավաքականին:

Այսօրվա ծրագիրը կավարտեն 1-ին խումբը ներկայացնող Ֆրանսիայի եւ Մեքսիկայի հավաքականները: Եթե հաշվի առնենք թիմերի նախկին հանդիպումները, ապա ֆրանսիացիները բացահայտ առավելություն ունեն. նրանք միայն մեկ անգամ են ոչ-ոքի խաղացել մեքսիկացիների հետ, այն էլ հեռավոր 1966 թվականին, իսկ մնացած դեպքերում հաղթել են:

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռայմոն Դոմենեկն այս անգամ որոշել է հանդես գալ երկու փորձառու հարձակվողներով, հանձինս Նիկոլյա Անելկայի եւ Թիերի Անրիի: Մեքսիկացիների գլխավոր մարզիչը նույնպես պատրաստվում է փոփոխություններ կատարել թիմի կազմում առաջին խաղի համեմատ: Մասնագետների կարծիքով երկու հավաքականներն էլ հավասար կարողություններ ունեն, ուստի առավել հավանական արդյունքը ոչ-ոքին է: