Ուրուգվայը ջախջախում է դաշտի տերերին
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի աշխարհի առաջնություների պատմության մեջ առաջին անգամ հնարավոր է այնպես ստացվի, որ մրցաշարի կազմակերպիչ երկրի հավաքականը չկարողանա հաղթահարել խմբային արգելքը եւ մտնել հաջորդ փուլ: Համենայնդեպս, ՀԱՀ - Ուրուգվայ հանդիպումից հետո դաշտի տերերը հայտնվեցին ծանր վիճակում, քանի որ պարտվեցին սկզբունքային նշանակություն ունեցող խաղում:
Հանդիպման հերոս դարձավ հարավամերիկացիների հարձակվող Դիեգո Ֆորլանը, որը 24-րդ րոպեին հեռահար հարվածով բացեց հաշիվը, իսկ 80-ին վստահ իրացրեց 11 մ հարվածը: Մրցավարի կողմից ավելացված ժամանակի 5-րդ րոպեին Ալվարո Պերեյրան երրորդ անգամ գրավեց ՀԱՀ հավաքականի դարպասը եւ պարզապես նոկաուտի ենթարկեց դաշտի տերերին:
Այժմ առաջնության կազմակերպիչների հետագա ճակատագիրը գտնվում է Մեքսիկայի եւ Ֆրանսիայի հավաքականների ձեռքում: Եթե այսօր կայանալիք խաղում այդ թիմերից որեւէ մեկը հաղթանակ տոնի, ապա հարավաֆրիկացիները կհայտնվեն էլ ավելի անելանելի վիճակում, իսկ ոչ-ոքիի դեպքում նրանք պայքարելու նոր հնարավորություն կստանան: