Հանրապետության հրապարակում ընդդիմության նստացույցը շարունակվում է (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀանրապետության հրապարակում տեղադրված վրաններում ընդդիմադիրների նստացույցը շարունակվում է։ Այսօր «Ա1⁺»-ի նկարահանող խումբը եղավ հրապարակում տեղադրված վրաններից մեկում, զրուցեց նստացույց իրականացնող քաղաքացիների հետ, վերջիններս պնդեցին, որ անկախ տոնական օրերից, շարունակելու են մնալ վրաններում և պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
Քաղաքացիներից մեկն ասաց, թե մասնացել է պատերազմին և այսօր վարչապետին մի շարք հարցեր ունի տալու․
«Հոկտեմբերի 28-ից եղել եմ Ղարաբաղում, մեզ հայտարարել են հետնահանջ և ասել՝ կիրառվելու է այնպիսի զենք, որը հակառակորդին մեծ կորուստներ է պատճառելու, մենք հետ ենք նահանջել, պարզվել է դիրքերը տալիս են ադրբեջանցիներին, թող Նիկոլ Փաշինյանը պատասխանի՝ ինչո՞ւ»։
Քաղաքացուն մտահոգում էր այն, որ արտահերթ ընտրությունների դեպքում Նիկոլ Փաշինյանը կարող է պետական լծակներն օգտագործել և կրկին ընտրվել։
Վրանում գտնվող մեկ այլ քաղաքացի էլ նշեց, թե Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում իր աշխատանքին, ասաց՝ նախկինում աջակցել է հեղափոխությանը, ինչի համար իրեն այսօր երկիր քանդող են անվանում․
«Ես կաթնամթերքի ոլորտի երկար տարիների մասնագետ եմ, ասում եմ՝ օրինակ ինձ տանեն օդանավակայան և ասեն պիտի նստես ինքնաթիռի ղեկին և թռնես, եթե ես դրա մասնագետը չեմ, ո՞նց թռնեմ։ Մարդ պետք է աշխատի այնտեղ , որտեղ որ մասնագետ է»,-նշեց քաղաքացին։
Մանրամասները՝ տեսանյութում