Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բրազիլիան հաղթեց, բայց …

Սպորտ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 5-րդ օրը կայացած երեք հանդիպումներից երկուսն ավարտվեցին ոչ-ոքի, իսկ աշխարհի հնգակի չեմպիոն Բրազիլիան հաղթեց Հյուսիսային Կորեայի հավաքականին:

Առաջինը մրցասպարեզ մտան Սլովակիայի եւ Նոր Զելանդիայի հավաքականները: Մասնագետները, ինքնին, նախապատվությունը տալիս էին եվրոպական ընտրանուն, քանի որ նորզելանդացի ֆուտբոլիստների մեծ մասը կիսապրոֆեսիոնալներ են:

Սակայն Հայաստանի հավաքականի առաջիկա մրցակիցը երկրորդ խաղակեսի սկզբում բացելով հաշիվը, փորձեց պահպանել այն, որի համար էլ դառնորեն պատժվեց: Մրցավարի կողմից ավելացված ժամանակի 3-րդ րոպեին նորզելանդացիներին հաջողվեց հավասարացնել հաշիվը` 1:1, եւ վաստակել առաջին միավորը աշխարհի առաջնություններում:

Ոչ-ոքի ավարտվեց նաեւ 7-րդ խմբի Պորտուգալիա - Կոտ դ'Իվուար հանդիպումը, ընդ որում 90 րոպեում թիմերից ոչ մեկին չհաջողվեց գոլ խփել, չնայած նրանց կազմում հանդես են գալիս այնպիսի բարձրակարգ ֆուտբոլիստներ, ինչպիսիք են 2008 թ աշխարհի լավագույն խաղացող Ռոնալդուն, 2009 թ Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ Դիդիե Դրոգբան եւ այլք:

Առաջնությունում իր անդրանիկ հանդիպումն անցկացրեց Բրազիլիայի հավաքականը, որի մրցակիցն էր մրցաշարի ամենահանելուկային թիմը` ԿԺԴՀ-ի ընտրանին: Աշխարհի հնգակի չեմպիոնը չնայած 2:1 հաշվով հաղթանակ տարավ, սակայն ցույց չտվեց իրեն բնորոշ դիտարժան ֆուտբոլ, հատկապես առաջին խաղակեսում:

Ընդմիջումից հետո բրազիլացիներ Մայկոնն ու Էլանոն գեղեցիկ կոմբինացիաների արդյունքում երկու գոլ խփեցին եւ, կարելի է ասել, վճռեցին հանդիպման ելքը: Սակայն հյուսիսկորեացի ֆուտբոլիստները խուճապի չմատնվեցին եւ շարունակեցին ուղիներ փնտրել մրցակցի դարպասը գրավելու համար: Նրանց համառությունը արդյունք տվեց 89-րդ րոպեին, երբ Չժի Յուն Նամը ճեղքեց բրազիլացիների պաշտպանությունը եւ հաշվենկատ հարվածով խփեց պատվի գոլը:

Այսօր առաջնությունում նույնպես կկայանան երեք հանդիպումներ: Միմյանց հետ կհանդիպեն Հոնդուրասի եւ Չիլիի, Իսպանիայի եւ Շվեյցարիայի, ՀԱՀ-ի եւ Ուրուգվայի հավաքականները: