Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՄՆ դարձյալ չպարտվեց Անգլիային

Սպորտ

 

Ֆուտբոլի աշխարհի 19-րդ առաջնության խաղային երկրորդ օրը գրանցվեց առաջին անակնկալը: Ընտրական 3-րդ խմբում հանդես եկող Անգլիայի հավաքականը, որը մրցաշարի ֆավորիտներից է, չկարողացավ հաղթել ավելի համեստ ներուժ ունեցող ԱՄՆ-ի հավաքականին` 1:1:

Չնայած անգլիացիները շատ արագ գոլ խփեցին (4-րդ րոպեին աչքի ընկավ թիմի ավագ Ստիվեն Ջերարդը), սակայն ամերիկացի ֆուտբոլիստներն արդեն առաջին խաղակեսում վերականգնեցին հավասարակշռութունը: Այդ դրվագում անհաջող գործեց Անգլիայի հավաքականի դարպասապահ Ռոբերտ Գրինը, որը չկարողացավ հետ մղել Կլինտ Դեմպսիի թույլ հարվածը: Այդպիսով, անգլիացիներին դարձյալ չհաջողվեց հաղթել ԱՄՆ-ի ընտրանուն աշխարհի առաջնությունում (1950 թ նրանք 0:1 հաշվով պարտվել էին «յանկիներին»):

2-րդ խմբում կայացած երկու խաղերն էլ արդյունավետ ստացվեցին: Հարավային Կորեայի հավաքականը վստահ հաղթեց Հունաստանի փորձառու ընտրանուն` 2:0, իսկ Արգենտինայի ազգային թիմն ի հաշիվ պաշտպան Գաբրիել Խայնցեի խփած միագ գոլի առավելության հասավ Նիգերիայի հավաքականի նկատմամբ:

 Այսօր տեղի կունենան եւս երեք հանդիպումներ: Ընտրական 3-րդ խմբում միմյանց հետ կհանդիպեն Ալժիրն ու Սլովենիան (խաղի սկիզբը Երեւանի ժամանակով 16:30-ին): 4-րդ խմբում կկայանան Սերբիա - Գանա (19:00) եւ Գերմանիա - Ավստրալիա (23:30) հանդիպումները: